Ադրբեջանն ակտիվացել է. հակառակորդն Արցախի ուղղությամբ 3000 կրակոց է արձակել

Նախորդ շաբաթվա համեմատ Արցախում հնչած կրակոցների թիվը կրկնակի ավելացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Այդ ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նշենք, որ անցած շաբաթվա ընթացքում (փետրվարի 17-ից 23) արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում 1500 կրակոց էր հնչել։