ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. «Մարտի 1»-ի քրեական գործով հարցաքննվել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը։
Ըստ կայքի` Օսիպյանն այս գործով ունի վկայի կարգավիճակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս գործով հարցաքննվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Մարտի 1-ի» գործի շրջանակում հարցաքննվել են նաև Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։
Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։
10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Մեղադրանք է առաջադրել մի շարք նախկին պաշտոնյաների, այդ թվում` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։