Հայաստանում փորձել են կրկնապիտակով կոնֆետներ վաճառել. տեսանյութ

Տեսչական մարմինը տեղում ոչնչացրել է ժամկետանց կոնֆետները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik.Հայաստանում գործող խանութներից մեկում կրկնապիտակով կոնֆետներ են հայտնվել։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։

Երևանում ոստիկանները բռնել են կեղծ 100 դոլարանոցներ իրացնող 2 երիտասարդի. տեսանյութ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) թեժ գծին ահազանգած տնտեսվարողը հայտնել էր, որ «Լոտե» ապրանքատեսակի ներկայացուցիչն իր խանութ է առաքել «Сергиево-посадские шоколадны конфеты желейные» (շոկոլադապատ ժելեներ), որն իրենք ընդունել են, դրել վաճառքի և մի քանի օր անց նկատել, որ շոկոլադապատ ժելեների նախկին ժամկետների վրա (արտադրված է 03.2018-ին, մինչև 9 ամիս պահման ժամկետով) փակցված են նոր ժամկետներ (11.2018, 12.2018 մինչև 9 ամիս պահման ժամկետով):

Տնտեսվարողի ահազանգի հիման վրա Տեսչական մարմնի աշխատակիցներն անցկացրել են վերահսկողական միջոցառումներ, որի արդյունքում հայտնաբերվել է, որ նշված շոկոլադապատ ժելեների վրա կա կրկնապիտակ:

Կոնֆետները տեղում ոչնչացվել են: ՍԱՏՄ մասնագետներն այցելել են նաև կոնֆետները տվյալ խանութին առաքած, սննդամթերքի ներմուծմամբ և մանրածախ վաճառքով զբաղվող «Ալվարդ Վարդանյան» ՍՊԸ, որի մեծածախ պահեստում (Ջրվեժ, Բանավան 5, «Տուրկապ» ՓԲԸ-ի տարածք) հայտնաբերել են 132 անվանում թերի մակնշմամբ սննդամթերք:

Դրանց իրացումը կասեցվել է և տրվել ժամանակ խախտումները վերացնելու համար: Թեև պահեստում վերը նշված շոկոլադապատ ժելեներից չի հայտնաբերվել, սակայն առկա են եղել 2 տուփ պոլիէթիլենային փաթեթավորմամբ և ժամկետի կրկնակի պիտակավորմամբ կոնֆետներ, որոնք տեղում ոչնչացվել են: