Վճարել և դուրս է եկել. գիշերը ազատ է արձակվել Հրազդանի նախկին քաղաքապետը. «Ժողովուրդ»

Հրազդանի քաղաքապետարանում նախկին քաղաքապետի օրոք իրականացված յուրացումների և վատնումների համար հարուցված քրեական գործը մի քանի անգամ կարճվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մեզ հայտնի է դարձել, որ երեկ գիշեր ազատ է արձակվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը. վերջինիս ազատ են արձակել այն բանից հետո, երբ վճարել է համայնքին պատճառած վնասի մի մասը՝ 102 մլն դրամի չափով: Նա այդպես է վարվել, որպեսզի նախաքննական մարմինը չդիմի դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար»:

Ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետը

Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետին ձերբակալել էին փետրվարի 26-ին: Նա կասկածվում է 2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի հողի հարկի եւ գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ եւ վատնումներ կատարելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հրազդանի քաղաքապետարանում նախկին քաղաքապետի օրոք իրականացված յուրացումների և վատնումների համար հարուցված քրեական գործը մի քանի անգամ կարճվել էր, նորից վերաբացվել: Բայց, ի վերջո, արտաքին աուդիտի արդյունքներով վեր էին հանվել փաստերը՝ գործունեության վերջին չորս տարիների արդյունքներով: Բացի այդ, Դանիելյանը հեռանալուց առաջ 680 մլն դրամի պարտք է թողել համայնքին:

Հիշեցնենք, նաև, որ երեկ` փետրվարի 28–ին, Արամ Դանիելյանին ձերբակալել էին պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով։