«Այս պահին կորած երեխա չունենք». քանի՞ անչափահաս է պատիժ կրում «Աբովյան» ՔԿՀ-ում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետը հորդորում է ծնողներին ավելի շատ ժամանակ տրամադրել երեխաներին, դառնան նրանց լավ ընկերները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik, Արմեն Հակոբյան. «Վերջին երկու ամսվա տվյալներով կորել էր 18 երեխա, 18-ն էլ հայտնաբերվել են»,- Sputnik Արմենիայի եթերում անդրադառնալով երեխաների կորելու վերաբերյալ պարբերաբար շրջանառվող տեղեկություններին, նշեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Լինել անփույթ, անազնիվ, խուսափել պարտականություններից. նորից օրինապաշտնե՞րը տուժեցին

Տիկին Դուրյանը, որի գլխավորած ստորաբաժանումը զբաղվում է անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի խնդիրներով, ընդգծեց, որ անչափահասի, երեխայի անհայտ կորելու կամ տնից հեռանալու վերաբերյալ ահազանգերի դեպքում օպերատիվ և որոնողական աշխատանքներում ներգրավվում են ոստիկանության բոլոր ուժերը:

«Ցավում եմ, բայց պետք է ասեմ, որ ծնողների մի մասը, և նրանք փոքր թիվ չեն կազմում, ոստիկանություն են գալիս երեխայի բացակայությունը նկատելու երկրորդ, երրորդ , նույնիսկ դեպք ունենք՝ չորրորդ օրը,-նշեց Նելլի Դուրյանը, ապա հավելեց,- Որքան շուտ ծնողը դիմի ոստիկանություն, այնքան արագ կկարողանան ոստիկանները կազմակերպել համապատասխան օպերատիվ միջոցառումները, որոնց արդյունքում կարողանանք հայտնաբերել որոնվող երեխային»:

«Մարտի 1-»–ի վերքը. երբ մեր գործիչները ճակատ-ճակատի խփելու փոխարեն կսովորեն խելք-խելքի տալ

Տիկին Դուրյանը ընդգծեց, որ ոստիկանությունում չկան արձանագրված դեպքեր ու փաստեր սոցցանցերում ժամանակ առ ժամանակ շրջանառվող այն սարսափազդու պատմությունների վերաբերյալ, թե երեխաներին թմրակոնֆետներ են առաջարկում ինչ-որ անծանոթներ, մարդու օրգանների վաճառքով զբաղվելու նպատակով առևանգում են և այլն: Ըստ անհրաժեշտության, ոստիկանությունը «կեղծ լուրերը» հերքող հայտարարություններ է տարածում, որոնք, ըստ Նելլի Դուրյանի, համարժեք են ընկալվում հանրության ու նաև՝ սոցցանցային օգտատերերի կողմից:

Sputnik Արմենիայի զրուցակցն ընդգծեց նաև իրականացվող ծավալուն կանխարգելիչ աշխատանքները, նկատելով. «Կատարված աշխատանքի արդյունքն է, որ այսօր մենք անչափահասների համար նախատեսված «Աբովյան» ՔԿՀ-ում ունենք ընդամենը 1 պատիժ կրող անչափահաս, ինչը բացառիկ ցուցանիշ է վերջին տասնամյակների համար: Սա կատարված մեծ աշխատանքի արդյունքն է, սա երեխաների նկատմամբ ուշադրության արդյունքն է»:

Հարցազրույցի վերջում տիկին Դուրյանը կոչ-հորդորով դիմեց ծնողներին. «Երեխան, ամեն դեպքում երեխա է: Մենք՝ ծնողներս, պարտավոր ենք երեխաներին հասկանալ: Ամեն դեպքում մենք ենք կյանք անցել, և ոչ՝ երեխաները: Իրենք դեռ նոր են մտնում այդ կյանքի մեջ: Եվ կհորդորեի մեր ծնողներին, որ երեխաներին ավելի շատ ժամանակ տրամադրեն, երեխաների հետ դառնան լավ ընկերներ»:

Նա խորհուրդ տվեց անպայման ուշադիր լինել համակարգիչներին, զերծ պահել երեխաներին վտանգավոր խաղերից, որոնք կարող են բերել շատ տխուր, ցավալի վախճանի, առավել ուշադիր լինել անցումային տարիքում, և հետո միանշանակ կստանան լավ պտուղներ, կունենան լավ քաղաքացիներ: