Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանին մի քանի հոդվածով մեղադրանք է առաջադրվել

2019թ.–ի փետրվարի 28–ին, որոշում է կայացվել Արշալույս համայնքի ղեկավար Զ.Գրիգորյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Մանվել Գրիգորյանի եղբոր որդուն` Արմավիրի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել։

ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) վարույթում քննվող քրեական գործով Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում կատարելու (երկու դրվագ), առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու (երեք դրվագ), մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,  շահադիտական դրդումներով, զենքի գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով  մարդուն առևանգելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու  համար:

Մանվել Գրիգորյանի հայրենի Արշալույս գյուղում լարված իրավիճակը շարունակվում է. «Հրապարակ»

2018թ. հունիսի 29-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով  կասկածյալ, Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Մերուժանի Գրիգորյանի նկատմամբ 2018թ. հուլիսի 5-ին խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

2018թ.-ի հուլիսի 12–ին Զ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ խափանման միջոցը՝ թողնվել անփոփոխ:

Կես տարի անց` 2019թ.–ի փետրվարի 20–ին, որոշում է կայացվել Զ.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, կրկին այլ հոդվածներով մեղադրանք առաջադրելու մասին:

Նույն օրը որոշում է կայացվել Զ.Գրիգորյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոփոխելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն հարուցելու մասին: 

2019թ.-ին փետրվարի 27–ին ստացվել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, համաձայն որի մերժվել է Զ.Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը:

Արդեն հաջորդ օրը` 2019թ.–ի փետրվարի 28–ին, որոշում է կայացվել Արշալույս համայնքի ղեկավար Զ.Գրիգորյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դատախազի համաձայնությունը ստանալուց հետո՝  2019թ. մարտի 1-ին, որոշումն ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզպետին՝ որոշման պահանջների կատարումն օրենքով սահմանված  ժամկետում կատարելու և այդ մասին վարույթն իրականացնող մարմնին հայտնելու համար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: