ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան ծաղիկներ է դրել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։
Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։
10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Մեղադրանք է առաջադրել մի շարք նախկին պաշտոնյաներին, այդ թվում` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։