ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. «Զորաց քարեր» հնավայրի թալանված դամբարանի պեղումների ժամանակ հայտնաբերված շուրջ 3000 բեկոր մաքրել ու դասակարգել են «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի բաժնի աշխատակիցները: Այս մասին հայտնում է ՊՈԱԿ–ի մամուլի ծառայությունը։
«Մի քանի ամիս տևած աշխատանքի արդյունքում խեցեղենի բեկորներից վերականգնել ենք շուրջ 150 առարկաներ` սափորներ, անոթներ, կճուճներ, քրեղան, սկուտեղ և այլն: Լաբորատորիայի վարիչ Տիգրան Զաքյանի խոսքով, դրանք թալանված դամբարանի առարկաներ էին, ամբողջական (չվնասված) գտածո չկար:
Լաբորատորիայի աշխատակիցները ոգևորվել են արդյունքից. անսպասելի էր, որ այդքան շատ առարկա է հավաքվել:
Նրանք կարողացել են «մասնիկներից» ստանալ հնագիտական ամբողջական առարկայի գրեթե 70 կամ 90 տոկոսը, իսկ բացակա հատվածները կլրացվեն գիպսով` ամբողջացնելով առարկայի տեսքը:
«Անշուշտ կան առարկաներ, որոնց շուրջ 30 տոկոսն է մեզ հասել բեկորային վիճակում: Վերականգնել ենք ու առաջիկայում դրանք կհամալրեն ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդը, քանի որ հնագիտական բացառիկ նշանակություն ունեցող առարկաներ են», -նշել է Տիգրան Զաքյանը:
Նրա փոխանցմամբ` լաբորատորիայում մաքրվել ու վերականգնվել են նաև մետաղից առարկաներ` մատանի, երկաթից նիզակ, ականջօղեր, սարդիոնից, ապակուց պատրաստված ուլունքահատիկներ, սափոր, 9,5 սմ երկարությամբ մասխիլ (մաքրելուց հետո եզրերին գծանախշեր են եղել): Տարբեր ժամանակաշրջաններ ընդգրկող առարկաների թվում վարպետությամբ աչքի են ընկնում Երվանդունիների ժամանակաշրջանով թվագրվող սափորն ու ուշ բրոնզի ժամանակաշրջանով թվագրվող սկուտեղը (40 սմ երկարությամբ ու 40 սմ լայնությամբ):
«Աշխատանքն ավելի հետաքրքիր է, քանի որ գործ ունենք տարբեր ժամանակաշրջաններն ընդգրկող նյութի հետ», - ասել է լաբորատորիայի վերականգնող Աստղիկ Սիմոնյանը:
Ներսես Մամիկոնյանն աշխատել է մետաղի առարկաների հետ: Նրա խոսքով յուրաքանչյուր առարկայի վերականգնում հետաքրքիր է յուրովի: Չնայած բոլորն էլ առանձնահատուկ խնամք ու հոգատարություն են պահանջում:
ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Զորաց քարեր հնավայրի տարածքում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի համոզմամբ վերականգնման լաբորատորիայի աշխատակիցները շատ կարևոր, շնորհակալ ու մնայուն աշխատանք են կատարել:
«Առաջին անգամ վերականգնվում են Զորաց քարեր հնավայրի ավերված դամբարանից պեղված նյութերը: Սրանք առաջին հնագիտական «ծիծեռնակներն» են, որոնք հետագայում կզարդարեն այն ապագա թանգարանի ցուցադրությունը, որը նախատեսվում է կառուցել Զորաց քարերի մոտ՝ համաշխարհային հնավայրը դարձնելով միջազգային զբոսաշրջության կարևոր կենտրոն», -ասել է Աշոտ Փիլիպոսյանը:
Առարկաներն արդեն ՊՈԱԿ-ի նախնական ֆոնդում են. հերթական համար ու մասնագիտական նկարագրություն (բնութագիր) ստանալուց հետո կհամալրեն ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդը:
Նշենք, որ «Զորաց քարերի» դամբարանը թալանվել է շատ տարիներ առաջ, իսկ այս առարկաների մասնիկները հայտնաբերվել են անցած տարվա պեղումների ժամանակ։