«Ռուսատյաց ճիգեր». Պեսկովը` Պուտինի եկամուտների նկատմամբ ԱՄՆ հետաքրքրության մասին

Կրեմլում կարծում են, որ վերջին շրջանում ԱՄՆ կոնգրեսականները մեծ ուշադրություն են դարձնում Ռուսաստանին, Պուտինին և մյուս պաշտոնական այրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Կրեմլում «ռուսատյաց ճիգեր» են անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցվածքի և եկամուտների մասին ԱՄՆ կոնգրեսականների օրինագիծը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հանրապետական կուսակցությունից Էլիս Ստեֆանիկը և Դեմոկրատական կուսակցությունից Վալդես Դեմինգսը «Վլադիմիր Պուտինի նկատմամբ թափանցիկության մասին» օրինագիծ են մշակել։ Նախագծի համաձայն` ամերիկյան հետախուզությունը պետք է Կոնգրեսին տվյալներ ներկայացնի ՌԴ նախագահի եկամուտների և ունեցվածքի մասին։

Ահաբեկիչներին վերացնել, փախստականներին օգնել. Պուտինի մեսիջները Սիրիայի հարցով

Պեսկովը կարծում է, որ դրան լուրջ վերաբերվել պետք չէ։ Նա նաև կարծում է, որ Ռուսաստանի նախագահը տեղյակ է նման նախաձեռնությունից։

«Անկասկած, նա, եթե ԶԼՄ–ների լրահոսին հետևի, կծանոթանա նաև այս տեղեկությանը», – ավելացրել է նա։

Պեսկովը նշել է, որ վերջին շրջանում ԱՄՆ կոնգրեսականները մեծ ուշադրություն են դարձնում Ռուսաստանին, Պուտինին և մյուս պաշտոնական անձանց։

«Անկեղծ ասած, երևի իրենց սեփական խնդիրներն իրենց չեն բավարարում։ Կամ գուցե, դրանում են նրանք տեսնում իրենց աշխատանքը», – եզրափակել է նա։

ԱՄՆ կոնգրեսի կայքում նախօրեին Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ թարմացված օրինագիծ են հրապարակել (Defending American Security from Kremlin Aggression Act, DASKA)։

Փաստաթուղթը, մասնավորապես, արգելք է նախատեսում Ռուսաստանի նոր` սուվերեն պարտքի հետ գործարքներ իրականացնել ավելի քան 14 օր մարման ժամկետով։

Բացի այդ, փաստաթուղթը միջոցներ է նախատեսում երկրից դուրս ռուսական հեղուկ բնական գազի նախագծերի, ինչպես նաև Ռուսաստանում հում նավթի հանքավայրերի մշակման մեջ ներդրումներ կատարելու դեմ։