Ինչպես կարելի էր կռահել, Յուրի Երվանդովիչը, ներկայացնում էր նախկին ԽՍՀՄ գողական հանրության հայկական սեգմենտը, սակայն, ունկնդրելով «թագադիր» աշխարհի ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ազդեցիկների «մականունները», կարելի է մի զարմանալի օրինաչափություն նկատել։ Հեղինակը լսել է, լսեք նաև դուք։
Սամվել Հարությունյան (Սամվելիկ), Ռաֆայել Խոյեցյան (Աֆուլիկ), Ժիրայր Բրուտյան (Շահումյանցի Ժիրո), Սուրեն Ավետիսյան (Լենինականսկի Սուրո), Ալեքսանդր Մակարյան (Ալո), Արտյոմ Դինունց (Գորիսեցի Արտեմիկ), Գևորգ Մելիքյան (Օշականցի Գևորիկ), Նորայր Փիլոյան (Կոնչո)…
Մականունների փաղաքշական վերջավորությունները ըմբռնեցի՞ք։ Աշխարհագրական ճշգրտումներով հնչյունաբանական բարեհնչյունությունը նկատեցի՞ք։ Թուլացե՛ք և հաճույք ստացե՛ք, քանի որ հայ գողերի ռուսախոս գործընկերների բախտն այդ առումով ավելի քիչ է բերել։ Համեմատեք. Պնդյուկ, Գուս (Гусь), Վերբլյուդ, Դրակոն և նույնիսկ՝ Սպերմուս...
Սուրո, Կոնչո, Ալո... Այսպես կարելի է դիմել յուրայիններին (ի դեպ, հիշենք Սվո Ռաֆին), համադասարանցուն, գործընկերոջը, հին հարևանին, որի ուսին կարելի է հանգիստ խփել կամ գործնական ձեռք սեղմել։
Միևնույն ժամանակ, գողից, նույնիսկ հայ գողից, ավելի լավ է հեռու մնալ, իսկ ավելի լավ է նրան հեռու պահել։ Օրինակ, Կալիմայում կամ Գորիսի ամուր բանտախցում, որտեղ, թերևս, նրանք ստանում են իրենց մականունները։
Ինչպե՞ս է դա տեղի ունենում։ Պատմում ենք Յուրի Երվանդովիչի խոսքերով և կալանավայրերի հեղինակավոր շրջանակների հավաստմամբ։
«Գողական եղբայրություն» մտնելու համար ցանկություն հայտնած անձը պետք է գումար վճարի և միայն դրանից հետո մականուն ստանա և դառնա քրեական հանրության լիիրավ անդամ։
Կալանավայրերի վետերանները պատմում են, որ ժամանակին նման արարողակարգ կար։ Նորեկը կանգնում էր իր բանտախցի ճաղերի մոտ և բղավում. «Ծերուկ բանտախուց ինձ մականուն տուր» ("Тюрьма-старуха, дай кликуху"): Ի պատասխան մյուս բանտարկյալները սկսում էին տարբերակներ առաջարկել։ Միևնույն ժամանակ նորեկը իրավունք ուներ հրաժարվել իր մականունից, եթե այն իրեն ձեռք չէր տալիս։ Դրա համար պետք էր գոռալ. «Չի դզում»:
Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում այսօր։ Սկզբունքորեն քիչ բան է փոխվել նաև այսօր։ Հավաքվում են քրեական հեղինակությունները, քննարկում «թեկնածուին» և որոշում, արժանի է արդյո՞ք նա «թագադրման»: Եթե արժանի է, հանցագործ խմբավորումների ղեկավարները նորեկի մասին կարճ տեղեկություն պարունակող նամակներ են ստանում, ինչպես նաև նրա մականունը։
Քրեական տոպոնիմիակայի առանձնահատկություններից. հաճախ մականունը առաջանում է անունից կամ ազգանունից։ Նույն «Սամվելիկը», «Ժիրոն», «Արտյոմիկը», «Աֆուլիկը». կամ տեղանունից, որտեղ ծնվել է գողը` «Լենինականսկի», «Գորիսեցի», «Օշականցի»...
Երբեմն էլ նրա արտաքին առանձնահատկություններից ելնելով. օրենքով գող Անդրեյ Իսաևը ստացել էր «Роспись» մականունը, քանի որ նրա մարմինն ամբողջությամբ դաջվածքներով էր ծածկված։ Պավել Ստրուգանովին անվանել են «Паша Цветомузыка», քանի որ զրույցի ընթացքում աչքերն արագ թարթելու սովորություն ուներ, իսկ եղբայրական Վրաստանից Գիվի Գվինջիլիան դարձավ «Գիվի Նոս» (Гиви Нос)` շնորհիվ դեմքի այն հատվածի, որը նաև հայերի մոտ փոքր չի։
Սակայն նաև առաջին հայացքից վիրավորական թվացող մականուններ կան. «Կազյոլ», «Բառան», «Սվինյա», «Կռիս», «Գ....ն» և այլն։ Դրանցից ազատվել կարելի է, սակայն դժվարությամբ։
– Առանձին տեղ են զբաղեցնում նաև անցած կյանքում ունեցած մասնագիտության հետ կապված մականունները, – շարունակում էր իր պատմությունը Յուրի Երվանդովիչը։
– Օրինա՞կ։
– Օրինակ, «Դուխար» (սա ամենևին էլ այն չէ, ինչ դուք մտածեցիք, այլ երաժիշտ), «Կլիստիր» (բժիշկ), «Ֆինանսիստ» (հաշվապահ). և այսպես շարունակ։
... Ընթացիկ ժամանակաշրջանի առանձնահատկություն է, որի սկիզբը դրվել էր Վրաստանում, շարունակվել Ռուսաստանում, և հավանաբար նույնը կարվի նաև Հայաստանում։ Միխեիլ Սաակաշվիլին առաջինն էր հետխորհրդային տարածքում, որ սկսեց օրենքով գողերին բանտ նստեցնել միայն այն պատճառով, որ նրանք օրենքով գող են։ Նրանք, ովքեր փրկվեցին, ցրվեցին տարբեր երկրներով, սակայն մեծ մասը Ռուսաստանում հաստատվեց։
Եվ ահա վերջերս ՌԴ Պետդուման միաձայն ընդունեց «Հանցավոր հիերարխիայում բարձրագույն դիրք զբաղեցնելու համար» քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ նախագահի օրինագիծը։ Բարձրագույն դիրքը հանցավոր հիերարխիայում օրենքով գողն է։ Այսպիսով, այժմ արդեն կարևոր չի լինի, թե արդյո՞ք գողը հանցագործություն է կատարում, թե գիշերը Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունն» է կարդում. գողը պետք է նստի բանտում։ Ռուսաստանում նման «օրինական մարդիկ» մոտ 500–ն են, և նրանց վատ ժամանակներ են սպասում։
Որքան օրենքով գող ունենք մենք, հեղինակին հայտնի չէ։
Սակայն որքան էլ լինեն, լավ կլիներ, եթե հարցը նույն հարթության մեջ դիտարկվեր, ինչպես ժամանակին Վրաստանում, իսկ հիմա Ռուսաստանում է. ուզում ես օրենքով գող լինել` եղիր։ Բայց միայն բանտում։
Իսկ թե ինչ մականուն կունենաս այնտեղ, անձնական ճաշակի և այսօր էլ դեռ ամուր պահպանվող ավանդույթների հարց է։