Անգլիական Պրեմիեր լիգայի առաջնությունում «Արսենալը» երեք անընդմեջ հաղթանակներից հետո պայքար է տանում լավագույն քառյակում իր տեղն ունենալու համար, և այդ պայքարում լոնդոնյանի թիմի կազմում Հենրիխ Մխիթարյանը աստիճանաբար դառնում է գլխավոր դերակատարը: Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը վերջին երկու խաղերում դարձել է երկու գոլի ու գոլային երեք փոխանցման հեղինակ:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեր ֆուտբոլիստի շուրջ տարբեր խոսակցություններ էին ծավալվում: Հենրիխին նույնիսկ այլ ակումբ էին ուղարկում` որպես հիմք բերելով Դենիս Սուարեսի տեղափոխությունը «Բարսելոնայից» «Արսենալ»: Այդ տրանսֆերն իրականացավ, բայց դա ոչ մի կերպ չի խանգարում հայ ֆուտբոլիստին լինել իր թիմի մեկնարկային կազմում ու շատ դրվագներում էլ կատարել իր թիմի կազմում «առաջին ջութակի» դերը:
Բացի Սուարեսի տրանսֆերից, նշենք, որ ամռանը «Արսենալից» հեռանալու է Արոն Ռեմսին: Հետևաբար Մխիթարյանի համար թիմի մեկնարկային կազմում լինելը հերթական մարտահրավերն է: Այս երեք ֆուտբոլիստներն էլ կոչված են առաջին հերթին թիմի հարձակողական գործողությունների ՕԳԳ-ն բարձրացնելու համար: Իսկ վերջին երկու խաղերում Հենրիխը բարձրացրել է ոչ միայն թիմի, այլ նաև իր անձնական արդյունավետությունը:
Վնասվածքի պատճառով մոտ երկու ամիս ապաքինվելուց հետո Մխիթարյանը խաղադաշտ վերադարձավ Եվրոպայի Լիգայի ԲԱՏԷ-ի հետ խաղերում: «Արսենալը» այդ մրցակցությունում հաղթեց երկու խաղերի հանրագումարում, բայց նկատելի էր (ու նաև բացատրելի), որ Հենրիխը դեռևս լավ մարզավիճակում չէ: Բայց շատ կարճ ժամանակահատվածում հայ ֆուտբոլիստը, կարելի է ասել, վեր հառավ:
«Սաութհեմփթոնի» հետ խաղից հետո Մխիթարյանը տեղ գտավ տուրի խորհրդանշական հավաքականում` իր անվան դիմաց գրանցելով գոլ ու գոլային փոխանցում: Իսկ «Բորնմուտի» հետ մրցավեճում հայ կիսապաշտպանը, չնայած խաղադաշտում անցկացրեց 64 րոպե, բայց դա բավական էր, որ նա ապահովեր «Արսենալի» հաղթանակը (խաղն ավարտվեց 5։1 հաշվով):
Առաջին հերթին հայ ֆուտբոլիստը աչքի ընկավ իր տեղաշարժերով: Հայտնվելով հարձակման աջ կամ ձախ եզրերում, Մխիթարյանը կտրուկ դեպի կենտրոն տեղափոխվելով` անմիջապես սրում էր իրավիճակը մրցակցի տուգանային հրապարակում ու լուրջ խնդիրներ առաջացնում մրցակցի պաշտպանների համար: Բացի այդ, մենք հայ ֆուտբոլիստին տեսանք պաշտպանվելիս ու գնդակը մրցակցից խլելով: Կարճ ասած, Հենրիխը փայլեց այս խաղում:
Մխիթարյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կարող է մրցակցել յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ` «Արսենալի» մեկնարկային կազմում խաղալու համար: Իսկ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, ինչպես երևում է, շարունակում է վստահել հայ ֆուտբոլիստին:
Հայաստանի հավաքականի ավագի ու առաջատարի տպավորիչ խաղը շատ հարկավոր է նաև մեր առաջին թիմին: Չմոռանանք, որ մարտի 23-ին մեր ընտրանին անցկացնելու է առաջին խաղը Եվրո-2020-ի շրջանակներում:
Առա՜ջ, Հենրիխ: