Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը գազի հարցը կքննարկեն Թեհրանում

Թե՛ Իրանի նախագահի, թե՛ ՀՀ վարչապետի կողմից տրվել են հանձնարարականներ համագործակցության հարցերը կարգավորելու և հարթելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 Փետրվար — Sputnik. Մենք իրանական կողմից ստացել ենք առաջարկ՝ էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցություն ծավալելու Վրաստանի և Ռուսաստանի հետ: Պայմանավորվածություն կա ապրիլին Թեհրանում քառակողմ` Հայաստան, Ռուսաստան, Վրաստան և Իրան հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։

Իրանից Հայաստան եկող գազի ծավալը կկրկնապատկվի. նախարարը հաստատեց

Այս մասին Իրանի Սպահան քաղաքում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ թե՛ Իրանի նախագահի, թե՛ ՀՀ վարչապետի կողմից տրվել են հանձնարարականներ համագործակցության հարցերը կարգավորելու և հարթելու համար:

«Պայմանավորվածություն ձեռք բերվեց միջկառավարական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը ակտիվացնելու վերաբերյալ: Առաջիկայում կլինի նիստ, որտեղ կքննարկվեն էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցերը: Նման մակարդակի հանդիպումները ձևավորում են փոխվստահության մթնոլորտ, որը հնարավորություն է տալիս պատասխանատու գերատեսչություններին անկաշկանդ աշխատել՝ ունենալով նաև հանձնարարականը»,–ասաց Կարապետյանը: Նրա խոսքով` հանդիպումը ծառայեց խոչընդոտները վերացնելուն:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է։