ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ` շախմատի տունը վերակազմակերպելու մասին առաջարկը:
Որոշման համաձայն` «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացվում է «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Նախապես որոշված էր դրա արդյունքում ձևավորվող նոր ՊՈԱԿ-ը կոչել «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»: Այս դեպքում,փաստորեն, «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը» կդադարեցներ իր գործունեությունը:
Նախագիծն այս տեսքով ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստի օրակարգում, սակայն մինչ նիստի օրակարգը հաստատելը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանն առաջարկեց փոփոխություններ կատարել դրանում և նորաստեղծ ՊՈԱԿ-ը կոչել Տիգրան Պետրոսյանի անունով:
Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ նախագծն օրեր առաջ քննարկվել է նախարարական կոմիտեի նիստում և որոշվել է այն հաստատել այդ տեսքով:
Նույն շենքում գործող երկու կառույցների վերաբերյալ որոշումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ 2 ՊՈԱԿ-ներն այժմ իրականացնում են միևնույն գործառույթները և դրանք միավորելու և օպտիմալացնելու կարիք կա: