ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի սկանդալային նիստն ավարտվեց. Սիմոնյանը մնում է իր պաշտոնում

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամները չեն հաստատել օրակարգը, որը նախատեսում էր ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը չհաստատեց ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու օրակարգը։

Օրակարգում երկու հարց կար` քննարկել ԵՊՀ շուրջ ստեղծված իրավիճակն ու անվստահություն հայտնել Սիմոնյանին։ Հոգաբարձուների խորհրդի 31 անդամներից 12–ը կողմ են քվեարկել օրակարգի հաստատմանը, 13–ը` դեմ։

Միջադեպ ԵՊՀ–ում. տղամարդը ներխուժեց դահլիճ ու սկսեց գոռալ

Ավելի վաղ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Արամ Սիմոնյանը ասոցացվում է ԵՊՀ–ում առկա բացասական երևույթների հետ և ավելացրել, որ ռեկտորի հրաժարականի անհրաժեշտություն է տեսնում։ Սիմոնյանը պատասխանել էր, որ չի ընդունում իր հասցեին հնչած մեղադրանքներն ու չի պատրաստվում ինքնակամ հրաժարվել ռեկտորի պաշտոնից։

Նիստից անմիջապես հետո ԵՊՀ ռեկտորը նշել է, որ կուզեր` քննարկումը կայանար։ Նա նախկինի պես իր հասցեին հնչեցրած մեղադրանքները անհիմն է համարում։ Ավելին, Սիմոնյանը վստահ է, որ խորհուրդը միշտ ազատ է եղել ու քննարկել է բարձրացված բոլոր հարցերը։ Նա վստահեցրել է, որ խորհուրդը երբեք իր վրա ճնշում չի գործադրել։

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում իր մեջ նաև քաղաքական հետապնդում է պարունակում։ Կան անձինք, որոնք պարզապես չեն ուզում ինձ այդ պաշտոնում տեսնել։ Ես հրաժարական չեմ տալու։ Բայց եթե ինձ անվստահություն հայտնեն, ես դա հաշվի կառնեմ», – ասել է Սիմոնյանը։

Նիստի ընթացքում երկու միջադեպ է տեղի ունեցել։ Հասարակական գործիչ, բուհի շրջանավարտ Նարեկ Մալյանը Հոգաբարձուների խորհրդի ղեկավար Գևորգ Մուրադյանի առաջ մետաղադրամներ էր լցրել`ակնարկելով, որ նա վաճառվել է ռեկտորի հեռանալու կողմնակիցներին։ Դրանից հետո անհայտ մի տղամարդ ներխուժել է նիստերի սրահ ու ասել է, որ Սիմոնյանը խաբել է նրան ու 30 միլիոն դոլար է յուրացրել։

«Ես հրաժարական չեմ տալու». ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան

«Վստահ եմ, որ իմ մեղքը որևէ քրեական գործի շրջանակներում չի ապացուցվի: Դահլիճ ներխուժած տղամարդը համալսարանի բուֆետի վարիչն էր, իր պարտականությունները պատշաճ կերպով չէր կատարում, մենք էլ հրաժարվել ենք նորից նրա հետ գործարք կնքել», -ընդգծել է նա։

Հիշեցնենք`ոստիկանությունն հայտարարել էր, որ ԵՊՀ ռեկտորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու հատկանիշներով:

Հաղորդագրության մեջ ասված էր, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին տարբեր ամիսների փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից, բայց, ընդհանուր առմամբ 18 մլն դրամ են ստացել։

Բացի այդ` համալսարանի տարածքում վարձակալական հիմունքներով տնտեսվարող սուբյեկտներից մեկի 2008-2012 թվականներին տված վարձավճարները մասնակի են մուտքագրվել համալսարանի հաշվեհամարին: Այս ապօրինության հետևանքով էլ յուրացվել է 9.200.000 դրամ:

Իսկ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցած ընկերություններից մեկի ղեկավարը հաղորդում է տվել այն մասին, որ ԵՊՀ ռեկտորն իրենից 10 000 դոլար կաշառք է ստացել։ Ընկերության ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանն ու առանձնատունը, տեղադրել ջեռուցման համակարգ։ Իսկ 2015 թվականին ընկերության հետ շուրջ 400.000.000 դրամի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքվել: