Տնտեսություն, որ կսպասարկի ԵԱՏՄ, ԵՄ առևտրային հոսքերը. որքա՞ն ներդրում է նախատեսվում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է չինական «Գուոմինգ» ընկերության պատվիրակությանը՝ նախագահ Հե Յուրոնգի գլխավորությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և 300-400 աշխատատեղեր.  Չինացի գործարարները մտադիր են Հայաստանում կառուցել ժամանակակից պահեստային տնտեսություն, որը կսպասարկի ԵԱՏՄ, ԵՄ և այլ երկրների հետ առևտրային հոսքերը:  Այս մասին նրանք հայտնել են այսօր՝ փետրվարին 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Տարածաշրջանային նոր կապուղին կանցնի Հայաստանով. Ադրբեջանն ու Թուրքիան կմնան խաղից դուրս

Չինական «Գուոմինգ» ընկերության պատվիրակության նախագահ Հե Յուրոնգը տեղեկացրել է նաև, որ ցանկանում է Հայաստանում ստեղծել ալյումինի արդյունաբերական գոտի, որտեղ ներկայացված կլինեն ալյումինե ապրանքներ, մասնավորապես կահույք արտադրող տարբեր ընկերություններ, որոնց արտադրանքը հիմնականում կարտահանվի: Ընդհանուր առմամբ, ներդրումային ծրագրերի ծավալը հասնում է մոտ 100 մլն ԱՄՆ դոլարի և նախատեսում 300-400 աշխատատեղերի ստեղծում:

Մինչ այդ, ողջունելով հյուրերին, Տիգրան Ավինյանն ասել է, որ 2018թ. ընթացքում իր կողմից ընդունած օտարերկրյա գործարար պատվիրակությունների թվում Չինաստանից ժամանածների քանակը ամենամեծն է եղել և համոզմունք հայտնել, որ այս հաճախակի շփումները կբերեն հայ-չինական առևտրատնտեսական կապերի զգալի աշխուժացման:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հե Յուրոնգը նշել է, որ ընկերության մասնակցությամբ 2018թ. դեկտեմբերին ստեղծվել է հայ-չինական բարեկամության զարգացման ասոցիացիա, որը գործունեություն է ծավալելու միջմշակութային հաղորդակցության, առևտրի և արդյունաբերության զարգացման ուղղություններով:

Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ներդրումների պաշտպանությանը և, այս առումով նախաձեռնել է ներդրումների պաշտպանության նոր օրենքի մշակում: Նա նաև հավաստիացրել է, որ կառավարությունը կաջակցի չինացի գործարարների բոլոր ծրագրերի իրականացմանը։