Տարածաշրջանային նոր կապուղին կանցնի Հայաստանով. Ադրբեջանն ու Թուրքիան կմնան խաղից դուրս

Նիկոլ Փաշինյանի իրանական այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանային ինտերնետ տարանցիկ կապուղի ստեղծելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Եվրոպա-Հայաստան-Իրան-Կատար օպտիկամանրաթելային կապուղի։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում։

Հայաստանում «Ինժեներական շաբաթ» է անցկացվելու. արտերկրից 300 հյուր ենք ունենալու

Ստորագրված պայմանագրի համաձայն` Հայաստանի, Իրանի և Կատարի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերությունները կհամագործակցեն՝ ստեղծելով ինտերնետի տարանցիկ կապուղի տարածաշրջանի երկրների համար։ Փաստաթուղթը հայկական կողմից ստորագրել է UCOM ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, Իրանի կողմից՝ Իրանի հաղորդակցության և ՏՏ փոխնախարար, Իրանի հեռահաղորդակցության ընկերության գործադիր տնօրեն Մաջիդ Սադրին և Կատարի կողմից՝ Ծոցի երկրներում խոշորագույն մալուխային ցանցը տնօրինող «Գալֆ Բրիջ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Աբդուլա Ալ-Ռվաիլին։

«Այս ծրագրով Ծոցի և Ասիայի երկրները Եվրոպային միացնելու ինտերնետի հասանելիության տարանցիկ կապուղի է ստեղծվելու։ Միանալով նման հավակնոտ նախագծի, փաստորեն, Հայաստանն ընդգծում է տարածաշրջանում ՏՏ առաջատարի իր դիրքը։ Նոր կապուղին այլընտրանք է դառնալու այսօր գործող՝ ծովային ճանապարհով անցնողին, որը փաստորեն, անցնելու է Հայաստանով՝ շրջանցելով Ադրբեջանն ու Թուրքիան։ Նախագծում ընդգրկվելու համար, ի դեպ, թեժ պայքարում էին Թուրքիան ու Ադրբեջանը։ Սա ոչ միայն գործարար, այլ նաև ռազմավարական նշանակության ծրագիր է, որը կապված է հեռահաղորդակցության անվտանգության հետ»,- նշել է UCOM ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Հեռահաղորդակցության նոր հեռանկարների հնարավորություն է ընձեռում նաև 2019թ–ին Երևանում նախանշված ՏՏ համաշխարհային համաժողովը, որը կանցկացվի հոկտեմբերի 6-ից 9-ը։