ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Հարյուրավոր անմեղ հայեր սպանվեցին 1988թ.–ի փետրվարի 27-ին, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կատարած իր թվիթում կոչ է արել հարգել հարյուրավոր անմեղ զոհերի հիշատակը, որոնք սպանվեցին, որովհետև ուզում էին պաշտպանել իրենց ինքնորոշման իրավունքը։
«1988 թ. փետրվարի 27-ին հարյուրավոր հայեր սպանվեցին եւ արտաքսվեցին Ադրբեջանից։ Սա պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ ցույցերի, որոնք ընդամենն ուզում էին պաշտպանել իրենց ինքնորոշման իրավունքը: Այսօր մենք հարգում ենք Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը»,–գրել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետն օգտագործել է #neveragain #այլևս երբեք հեշթեգը։
Նշենք, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում փետրվարի 27–29-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց քաղաքի հայ ազգաբնակչության ջարդ և զանգվածային տեղահանություն։ Սրա նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով, կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։