Սումգայիթում հայերի ջարդը էթնիկ զտումների հիմք է դարձել. Միրզոյանը` Մոսկվայում

Սումգայիթի ջարդերի հետևանքով հայերը զանգվածային կերպով հեռացան Ադրբեջանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Սումգայիթի կոտորածը սկիզբ դրեց լայնածավալ էթնիկական (հայերի – խմբ.) մաքրումներին։ Այս մասին այսօր Մոսկվայում Դաշնության Խորհրդի լիակազմ նիստում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը դեմ է հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերին և ողջունում է այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մոլորակի վրա կայուն խաղաղության հաստատմանը։

Սումգայիթի ջարդերը Արցախում իրականացվող խաղաղ ցույցերի պատասխանն էր. Փաշինյան

«Այս առումով ավելի ընդարձակ համագործակցության օրինակ կարող է ծառայել մեր մասնագետների խմբի մեկնումը Սիրիայի Արաբական Հանրապետություն», – ասել է ԱԺ խոսնակը։

Նրա խոսքով` հայկական մարդասիրական առաքելության նպատակն է աջակցել խաղաղության ու կայունության հաստատմանը` օգնելով սիրիական ժողովրդին վերականգնել գործունեությունը հակամարտությունից տուժած շրջաններում։ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին հայկական հումանիտար օգնությունը Սիրիա հասցնելու հարցը կազմակերպելու համար։

«Մարդասիրական բաղադրիչն էլ ավելի կարևոր է դառնում այս օրերին, երբ ամբողջ աշխարհի հայերը հիշում են ավելի քան 30 տարի առաջ իրագործված Սումգայիթի կոտորածի զոհերին։ Այդ իրադարձությունները հիմք դրեցին լայնածավալ էթնիկական զտումներին», – ասել է Միրզոյանը։

Նա ընդգծել է, որ այդ ողբերգությունը հանգեցրել է նրան, որ հայերը զանգվածային կերպով դուրս են եկել Բաքվից, Սումգայիթից և այլ քաղաքներից։