Կարեն Ղազարյանին Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտեցին

ՀՀ քաղաքացուն դատապարտեցին «ահաբեկչության փորձ» անելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։

Բաբայան. «Ադրբեջանը թաքցնում է իր երկրում պահվող հայ գերիների մասին տեղեկությունները»

ՀՀ քաղաքացուն մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ սպանություն, ահաբեկչություն, ապօրինի հրազենի կրում, լրտեսություն, պետական սահմանի ապօրինի հատում և այլն։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը նախորդ տարվա հուլիսի 15-ին էր հայտնվել Ադրբեջանի տարածքում:

Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաև 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում:

Ադրբեջանցի դիվերսանտը ազատ է արձակվել արցախյան բանտից

ՀՀ ԱԳՆ–ն հայտնել էր, որ Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացին հոգեկան խնդիրներ ունի, և հենց այդ պատճառով նա չի զորակոչվել ու ՀՀ ԶՈւ–մ չի ծառայել։ Այդ տվյալները Կարմիր Խաչին են փոխանցվել

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 29-ին ընդունել էր Կարեն Ղազարյանի ծնողներին և նշել, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ: