ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Հայաստանը հետևում է Իրանի շուրջ ծավալվող բոլոր զարգացումներին։ Իրանը Հայաստանի համար կարևորագույն գործընկերներից է։ ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով ԱՄՆ–ի հակաիրանական պատժամիջոցների վերաբերյալ ունեցած դիրքորոշման մասին։
«2015 թվականին Հայաստանն առաջին երկրներից էր, որ ողջունեց Իրանի միջուկային ծրագրի ընդունումը, քանի որ Հայաստանն առաջնորդվում էր այն տեսլականով` ինչ հնարավորություններ են առաջանում տարածաշրջանային կայունության ու տարածաշրջանային համագործակցության առումով։ Բնականաբար, Իրանի շուրջ վերջերս տեղի ունեցած իրադարձությունները մեզ էլ են հուզում» – ասել է Փաշինյանը։
Այսօր Հայաստանը շարունակում է համակարգված ու բաց երկխոսություն վարել և՛ իրանական կողմի, և՛ գործընթացում ներառված այլ կողմերի հետ։
Վարչապետի խոսքով` Հայաստանի ղեկավարությունը հստակ բարձրաձայնում է առկա խնդիրները ու իր դիրքորոշումը դրա վերաբերյալ։ Նա նաև վստահություն է հայտնել, որ Հայաստանի կառուցողական մոտեցումը կարող է դրական գործոն դառնալ ծագած խնդիրների լուծումներ փնտրելու հարցում։
Հիշեցնենք` 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի մասին Իրանի հետ պայմանագրից։ Դոնալդ Թրամփը հայտարարեց նաև, որ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում` երկրորդական, այսինքն Իրանի հետ գործարար հարաբերություններ ունեցող այլ երկրների նկատմամբ։ Այդ ժամանակից ի վեր Հայաստանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կարևոր են։