ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Այցի առաջին րոպեներից արդեն զգում ենք, որ եկել ենք բարեկամ երկիր։ Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հույս հայտնելով, որ իրանական կողմը ևս հայաստանյան պատվիրակությանն ընդունել է որպես բարեկամական երկրի ներկայացուցիչների։
«Մեր պատվիրակության կազմում ընդգրկված են ոչ միայն գործադիր մարմնի, այլև խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչն ընդգծում է մեր երկրի քաղաքական ուժերի կողմից հայ-իրանական հարաբերությունների նկատմամբ տածած կարևորությունը: Մեր հարաբերությունների հատուկ բնույթը ընդգծվում է նաև Իրանում ակտիվ հայ համայնքի ներկայությամբ»,– ասել է Փաշինյանը` Իրանի կառավարությանը շնորհակալություն հայտնելով հայ հայրենակիցների նկատմամբ բարեկամական վերաբերմունքի համար:
«Կարճ ասած` մեր հարաբերություններում եղանակը շատ լավ է»,– նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացման գործընթացին` կանխատեսելով, որ այն ուժի մեջ կմտնի Հայաստանի նախագահության շրջանում:
«Սա նոր հնարավորություններ է բացելու մեր առևտրաշրջանառությունը մեծացնելու և մեր երկրների գործարար շրջանակների համար: Եվ մենք պետք է քաջալերենք մեր գործարար շրջանակներին օգտվել այդ հնարավորություններից»,– ասել է Փաշինյանը` մասնավորապես ընդգծելով էներգետիկ ոլորտում համագործակցությունը։
Փաշինյանի խոսքով`Իրանի նախագահն առանձնազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: «Այստեղ, իհարկե, կարևոր է, որ հետագա քննարկումների և բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարևոր հարց է գործարքի գրավչության իմաստով: Եվ հույս ունենք, որ մեր ներկայացուցիչներն արդյունավետ բանակցություններ կվարեն այս ուղղությամբ»,– ասել է ՀՀ վարչապետը։
Բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են երկկողմ հարաբերությունները դիտարկել առավել լայն համատեքստում և իրականացնել տարածաշրջանային նշանակության ծրագրեր։
Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Նա նաև նշել է, որ Էներգետիկ միջանցքի ստեղծումը կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային, և թե՛ ավելի ընդարձակ առումով:
Նիկոլ Փաշինյանն իր այցը ԻԻՀ հաջող է գնահատել` շնորհակալություն հայտնելով Ռոհանիին` ջերմ ընդունելության համար, և երկու երկրների կառավարություններին մաղթելով հաջողություններ` ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:
Այցի շրջանակներում ստորագրվել են համագործակցության փոխըմբռնման հուշագրեր` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի և Իրանի ազատ առևտրի, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի միջև:
Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը: