ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի ՀԱԿ-ը որոշել է մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված որևէ ինքնուրույն միջոցառում չկազմակերպել: ՀԱԿ ակտիվիստներին հանձնարարել են մասնակցել իշխանությունների կազմակերպած երթին և հնարավորության սահմաններում շատ մարդ բերել իրենց հետ»:
Թերթի վերլուծմամբ` ՀԱԿ անդամները հասկանում են, որ իրենց կուսակցությունը շուտով կդադարի որպես ինքնուրույն միավոր գոյություն ունենալուց և կմիավորվի ՔՊ-ի հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 21–ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մարտի 1–ին իրենք երթ կիրականացնեն` նվիրված 2008թ.–ի հայտնի դեպքերի զոհերի հիշատակին։
Հիշեցնենք նաև, որ օրերս ՀՀ 1–ին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հերքել էր իր և Նիկոլ Փաշինյանի մասին վերջերս շատ շրջանառվող այն լուրը, թե ՀՀ ներկայիս վարչապետի քաղաքական կնքահայրը հենց ինքն է։