ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Ուկրաինան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Այդ մասին հաղորդել է երկրի Ազգային հեռուստառադիոընկերությունը։
«Ազգային հեռարձակողը» կարող էր ընտրել ցանկացած կատարողի ոչ ազգային ընտրության մասնակիցների շարքից։ Սակայն հրաժարվում է նման այլընտրանքից, քանի որ հարգում է հանդիսատեսի ընտրությունը», – ասվում է հայտարարության մեջ։
Հերթական անգամ հեռուստառադիոընկերությունը մրցույթը և դրան մասնակցելը կապել է քաղաքականության հետ` նշելով որոշ երգիչների կապը Ռուսաստանի հետ։
«Հասարակության մի մասի համար այդ փաստն ընդունելի է, մյուս մասի մոտ դա առաջացնում է զայրույթ և թյուրըմբռնում։ Ստեղծված իրավիճակում, հետևելով Հանրային հեռարձակման մասին օրենքին, ինչպես նաև հաշվի առնելով ազգային ընտրության ընթացքի չափից դուրս քաղաքականացումը, Հանրային հեռարձակողը որոշել է հրաժարվել «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթին մասնակցությունից», – ասվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, հանրային հեռարձակողը կարևոր է համարում ոլորտի առաջատար փորձագետների հետ թոք շոուի, համաժողովների և քննարկումների ձևաչափով հասարակական երկխոսություն սկսելը` այդ խնդրի վերաբերյալ ուկրաինական հասարակության դիրքորոշումը ձևավորելու համար։