ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Brunettes Shoot Blondes ուկրաինական խումբը նախօրոք հրաժարվել է Ուկրաինան ներկայացնել «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում։ Խումբը պաշտոնական ուղերձ է տարածել Facebook–ում։
«Նախօրոք հայտնում ենք` եթե մեզ առաջարկեն մասնակցել «Եվրատեսիլ 2019–ին», մենք մերժելու ենք։ Մեր խումբը չի հաղթել ազգային ընտրության ժամանակ, այդ ուղևորությունը մերը չէ», – նշել են երաժիշտները։
Հիշեցնենք` երեկ Freedom-Jazz Girls Band խումբը, որը երկրորդ տեղն էր գրավել ազգային ընտրության արդյունքում, հրաժարվել էր մասնակցել «Եվրատեսիլին»։ Մասնակցությունից հրաժարվել էր նաև Kazka խումբը։
Այս տարի Ուկրաինան «Եվրատեսիլ 2019» մրցույթում (անցկացվելու է Իսրայելում), ներկայացնելու էր երգչուհի Maruv–ը (Աննա Կորսուն)։ Սակայն կազմակերպիչները հրաժարվել էին հաստատել ազգային ընտրության արդյունքը Ռուսաստանում նրա հյուրախաղերի պատճառով։