Անհնար է սեպ խրել հայ–ռուսական հարաբերությունների մեջ. Արարատ Միրզոյան

Հայաստանում ու դրա շուրջ տեղի ունեցող գործընթացները որոշ շրջանակներ և երրորդ երկրներ փորձում են ներկայացնել աղավաղված, կեղծ ձևով` ջանալով թուլացնել երկու երկրների դիրքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Անհնար է սեպ խրել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում։ Այս մասին այսօր ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Մոսկվայում  Դաշնության Խորհրդի լիակազմ նիստում։  

Նրա խոսքով` երկու երկրների միջև ակտիվ երկխոսություն է իրականացվում պետությունների ղեկավարների մակարդակով։

Հայաստանը ղարաբաղյան խաղաղ կարգավորման կողմնակից է. Միրզոյանը` Դաշնային Խորհրդում

Միրզոյանը խոսել է ուղիղ, անկեղծ երկխոսությունը շարունակելու մասին։ Նա ընդգծել է, որ այդ երկխոսությունն ուղղված է փոխըմբռնման ու փոխվստահության ամրապնդման, փոխշահավետ լուծումների որոնման ու բոլոր ուղղություններով համագործակցության զարգացմանը։

ԱԺ խոսնակի կարծիքով` այդ երկխոսությունը կարևոր է նաև այն պատճառով, որ մեդիաոլորտում մանիպուլյացիաներ են արվում` որոշ շրջանակներ ու երրորդ երկրներ փորձեր են ձեռնարկում ներկայացնել Հայաստանում ու դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներն աղավաղված, կեղծ ձևով` ջանալով թուլացնել երկու երկրների ընդհանուր դիրքերը։

Նրանք ուզում են թյուրիմացություն ու անորոշություն սերմանել` թուլացնելով միջազգային ասպարեզում երկու երկրների ընդհանուր դիրքերը, ու ավելացնելով դրանց խոցելիությունը արտաքին մարտահրավերների առաջ։

«Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ նման փորձերն ավելի քան ապարդյուն են, դրանք ի սկզբանե դատապարտված են ձախողման։ Քանի որ մեր երկրների ու ժողովուրդների մտերմության հիմքերն ու նախադրյալներն ավելի բարձր են քաղաքական կոնյունկտուրայից ու որոշակի շրջանակների ու երկրների այժմեական նեղ շահադիտական մղումներից», – ասել է Միրզոյանը։

Նա ընդգծել է, որ միայն Հայաստանն ու Ռուսաստանը կարող են սահմանել երկկողմանի հարաբերությունների օրակարգը։ Ու կողմերը շարունակելու են դա անել`ելնելով հոգևոր, մշակութային ու պատմական մտերմությունից, համակրանքից ու բարեկամությունից, երկրու երկրների փոխադարձ երկարաժամկետ շահերից։

 «Հայ–ռուսական հարաբերությունները յուրահատուկ են։ Հայաստանը Ռուսաստանին համարել ու համարում է իր ռազմավարական գործընկերը։  Մեր հարաբերությունների հետագա ամրապնդումն ու այդ ճանապարհին հնարավոր արգելքների հաղթահարումը մեր արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է», – ասել է Միրզոյանը։

Այդ հայեցակարգն արտացոլված է Հայաստանի կառավարության հաստատած հնգամյա ծրագրում։