Մթության մեջ նվագող Գեղամ Օհանյանը. հայ դուդուկահարը դահլիճներ է լցնում

Հետաքրքիր հայեցակարգ է հորինել դուդուկահար Գեղամ Օհանյանը, նա արդեն մոտ մեկ տարի է լրիվ մթության մեջ է համերգ տալիս։ Ու անշլագներ էր ունենում։
Sputnik

Sputnik, Լև Ռիժկով

Ռուսաստանում բազում վարպետ դուդուկահարներ կան։ Նրանք շատ են Մոսկվայում, ավելի քիչ են Սանկտ Պետերբուրգում, կան նաև Կրասնոդարում, Սոչիում, Կրասնոյարսկում, Իրկուտսկում։ Յուրաքանչյուրն ունի երկրպագուներ, աշակերտներ։

Սակայն կա միայն մեկ դուդուկահար, որին հաջողվում է միշտ դահլիճներ լցնել. նրա տոմսերն ավարտվում են համերգից մեկ–մեկուկես ամիս առաջ։ Նա Գեղամ Օհանյանն է` 51–ամյա երևանցին, որը հիմա Մոսկվայում է ապրում։ Վերջերս DUDUKIST նախագծի աջակցությամբ նա սկսել է մթության մեջ համերգներ տալ։ Ու իսկապես ցնցել է քմահաճ մոսկովյան հանդիսատեսին։

Դա նույնն է, ինչ փակել աչքերը

Մթության մեջ համերգներ տալը սկսել են մոտ մեկ տարի առաջ։ Անցկացվում են ամիսը մեկ անգամ Մոսկվայի կենտրոնում` Նիկոլայ Օստրովկու տուն–թանգարանում։

Հաջորդ տարվանից դուդուկի երաժշտությունը կհնչի Գնեսինների անվան դպրոցում. Ջիվան Գասպարյան

Ինչպե՞ս է դա տեղի ունենում։ 60–70 հանդիսատեսին լրիվ մթության մեջ բերում են թանգարանի չորրորդ հարկում գտնվող փոքր համերգասրահ։ Մի կարևոր մանրուք կա. բոլոր ուղեկցորդները կույր են։ Այցելուները ձեռքերը դնում են դիմացից քայլող մարդկանց ուսերին ու 8-9 մարդուց բաղկացած շղթաներով դահլիճ են գնում։ Հետո կոչազանգ է հնչում, ու համերգը սկսվում է։

«Ի սկզբանե «Դուդուկ մթության» մեջ նախագիծը նախատեսված էր կույր մարդկանց համար, – ասում է Գեղամը, – էնտուզիաստ բարերարները ուզում էին նման համերգների շարք անել, որ վատ տեսնող մարդիկ իրենց անտեսված չզգան։ Մեզանից առաջ մթության մեջ ջութակի համերգներ էլի են անցկացվել, փոքր վրացական երգչախումբ էր ելույթ ունենում։ Բայց երաժիշտների համար շատ դժվար էր մթության մեջ։ Մենք միմյանց չենք տեսնում, չենք տեսնում հանդիսատեսի արձագանքը, չենք կարողանում որևէ բան հուշել միմյանց»։

Գեղամի հետ մթության մեջ նվագում են Սաշիկ Քոթանջյանն (ակորդեոն) ու Հենրի Ղուկասյանը (դհոլ)։ Ելույթի ժամանակ նրանք հանդիսատեսին լեգենդներ ու հայոց պատմությունից նշանավոր դրվագներ են ներկայացնում։ Համերգից ստացած շահույթը բարեգործական նպատակների է ուղղվելու։

«Հանդիսատեսը շատ է հավանում, – ասում է Գեղամը, – Բայց, իհարկե, հիացած արձագանքների հետ համացանցում երբեմն կարծիք ես հանդիպում, իբր ֆոնոգրամայի տակ էինք նվագում։ «Ինչպես է ամեն ինչ այդքան հարթ։ Ոչ մի անհարթություն։ Երևի դա ձայանգրություն է», – ենթադրում են ունկնդիրներից ոմանք։ Սկզբում չգիտեինք` ինչպես դրա դեմ պայքարել։ Իսկ հետո հորինեցինք։ Համերգից հետո երաժիշտների հետ լուսավոր դահլիճ ենք գնում ու արդեն լույսի ներքո ևս մեկ համար նվագում։ Որ մարդիկ համոզվեն, որ իսկապես մենք էինք նվագում»։

Մթության մեջ նվագող Գեղամ Օհանյանը. հայ դուդուկահարը դահլիճներ է լցնում

Մթության մեջ նվագելիս ամենադժվարը ոչ թե նոտաները չշփոթելն է, այլ հոգեբանական ճնշմանը դիմակայելը։ Կատարողներ կան, որոնք առանց լույսի երեք րոպե էլ չեն դիմանում։ Նրանց թվում է, որ մթությունը ճնշում է։ Գեղամն ասում է, որ կարելի է հոգեպես հարմարվել։ Վերջիվերջո շատ արտիստներ բեմի վրա փակում են աչքերը, որ կենտրոնանան։ Կարելի է երևակայել, որ պարզապես փակել ես աչքերդ։