Թբիլիսիում Երևան բեռներ տեղափոխելու նոր շնչերակ են գտել. Անակլիան Փոթիից գրավի՞չ կդառնա

Վրաստանի Անակլիա նավահանգիստը բոլոր չափանիշներով կգերազանցի Փոթիի նավահանգստին։ Սակայն Թբիլիսին հասկանում է, որ բազմամիլիարդանոց նախագծի արդյունավետությունը կարելի է ապահովել բեռնափոխադրումների մեծ ծավալների պարագայում, և այդ առումով միայն Երևանի վրա հույս դնել չի կարող։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik  Արմենիա

Վրացական «դարի նախագիծը»`  Անակլիա խորջրյա նավահանգիստը, եթե նույնիսկ «Վերին Լարսի» ոչ լիարժեք այլընտրանք դառնա, ապա Հայաստան կոնտեյներային բեռնափոխադրումների համար նոր շնչերակ կարող է լինել։ Դրանում համոզված է տրանսպորտային միջանցքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին։

Երևանը մնաց առանց «Վերին Լարսի» այլընտրանքի. ռուս–վրացական բանակցությունների արդյունքները

Վրաստանի Անակլիա ավանում առաջին խորջրյա նավահանգստի շինարարության աշխատանքները կմեկնարկեն 2021 թվականին։ Նավահանգստի զարգացման 9 փուլ է նախատեսվում, դրանք իրականացնելու համար մոտ 50 տարի կպահանջվի։ Առաջին փուլի շրջանակում նավահանգիստը կկարողանա տարեկան 900 հազար կոնտեյներ ընդունել։ Հետագայում ծավալները աստիճանաբար կավելանան։ Նախագիծ ընդհանուր արժեքը 2,5 մլրդ դոլար է։

«Որքանով դա «Վերին Լարսի» այլընտրանք կդառնա, դժվար է ասել, սակայն կարելի է հարյուրտոկոսանոց վստահությամբ հայտարարել, որ դեպի Հայաստան բեռնափոխադրումների համար լրացուցիչ շնչերակ կբացվի», – Sputnik  Արմենիայի հետ զրույցում ասաց Ցագարեիշվիլին։

Անակլիա նավահանգստում հիմնական շեշտը կդրվի կոնտեյներային բեռնափոխադրումների վրա։ Ցագարեիշվիլիի խոսքով` կոնտեյներային փոխադրումների շուկան ընդլայնվում է ամբողջ աշխարհում, այդ թվում` Մերձսևծովյան երկրներում։ Տարեկան աճը 8-10% է կազմում։

«Կոնտեյներային փոխադրումների հիմնական մասը, որը կմտնի Անակլիայի նավահանգիստ, այնուհետև կուղղվի Հայաստան, Ադրբեջան կամ կբաշխվի Վրաստանի տարածքով», – ասաց Ցագարեիշվիլին։

Լարսի լավագույն այլընտրանքը. ի՞նչը կօգնի հայկական բեռները ժամանակին հասցնել Ռուսաստան

Նա ընդգծեց, որ նոր խորջրյա նավահանգիստն իր պարամետրերով կգերազանցի Փոթիի նավահանգստին։ Այսօր Փոթիում 6 խոշոր և 2 միջինի տերմինալ է գործում, որոնք նավամատույցից 30  կմ–ի վրա են գտնվում։ Կոնտեյներները նավերով գալիս են ծովով, այնուհետև դրանք բարձում են հատուկ մեքենաների վրա, որոնք էլ վերջիններս պահեստ են տեղափոխում։ Ավտոմոբիլային ճանապարհով կոնտեյները Փոթիից Երևան է տեղափոխվում 10 ժամվա ընթացքում, երկաթգծով` 2-3 օրում։

«Ի տարբերություն Փոթիի, Անակլիայում տերմինալները նավամատույցին մոտ տեղակայված կլինեն։ Նավահանգիստը գրավիչ կլինի կոնտեյներային փոխադրումների համար նաև սակագների առումով», – ասաց Ցագարեիշվիլին։

Անակլիա նավահանգիստը խորջրյա է, սակագներն այստեղ մի քանի անգամ ավելի ցածր կլինեն, քան Փոթիում։ Սա կգրավի ավտոմոբիլային փոխադրումներով զբաղվող ընկերությունների ուշադրությունը, որոնք կկարողանան օգտվել նոր երթուղուց։ Հեռանկարում չի բացառվում նաև նավահանգստից մինչև նշանակման կետ բեռների փոխադրում իրականացվի երկաթգծով։ Ամբողջ աշխատանքը կվերահսկի լոգիստիկ կենտրոնը, որն իր վրա կվերցնի կոնտեյներիների պահպանման, առաքման, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ գործողությունների կատարման գործառույթը։

Վրաստանը հետաքրքրված է, որ Հայաստանը օգտվի Անակլիայի նավահանգստից։ Նախագծի արդյունավետությունն ու գործունակությունը մեծամասամբ կախված է ապրանքների հոսքից։ Այդ պատճառով Թբիլիսին և Երևանը կարող են պայմանավորվածություն ձեռք բերել փոխշահավետ համագործակցության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ 2012-2017 թվականներին Վրաստանից Հայաստան երկաթգծով բեռնափոխադրումները կրճատվել են 43%–ով` կազմելով 0,8 մլն տոննա նախկին 1,4 մլն տոննայի փոխարեն։