«Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական զինուժը նաև հարձակվելու է». Տոնոյան

Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ Հայաստանն այնպիսի ձեռքբերումներ է իրականացնում, որոնք կարող են չեզոքացնել հակառակորդի հնարավոր նկրտումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայաստանի Զինված ուժերը չեն պատրաստվում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել և համալրվում են այնպիսի զինատեսակներով, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել հակառակորդի նկրտումները։ Փետրվարի 25-ին Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բալանսը վերականգնելու մասին:

«Ո՛չ քանակական առումով, ո՛չ ժողովրդագրական առումով, ո՛չ տնտեսական առումով հավասար չենք կարող լինել (Ադրբեջանի հետ՝ խմբ.): Դրա համար մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնելու որակական խնդիրներին: Մենք այնպիսի ձեռքբերումներ ենք իրականացնում, որոնք կարող են մեզ հնարավորություն տալ հակառակորդի հնարավոր նկրտումները չեզոքացնելու», - ասել է նա։

Հարցին, թե խոսքը «Սու»-երի մասի՞ն է, Տոնոյանն ասել է. «Նաև «Սու»-երի»:

Նախարարը պատասխանել է նաև դիտարկմանը, թե շատերի կարծիքով` դրանք թանկարժեք և անիմաստ ձեռքբերում են։

«Ինձ համար թանկ է յուրաքանչյուր զինվորականի կյանքը։ Եթե երկու օդաչու Սու–30ՍՄ-ով կարող են առաջնագծից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա խնդիր կատարել, ո՞ր թանկարժեքության մասին է խոսքը։ Մենք համար նախկինում էլ, այսուհետև ևս զինվորականի կյանքն ավելի թանկ է, և մենք գտնելու ենք հակառակորդին զսպելու, հակառակորդին հաղթելու արդյունավետ լուծումներ», - նշեց Տոնոյանը։

Նա ասել է, որ հայկական բանակը ձեռք է բերում նաև հարձակվողական զենքեր:

«Փոխվում է հոգեբանությունը, փոխվում է մոտեցումը, քանի որ պաշտպանության մեջ գտնվող բանակները միշտ պարտություն են կրում: Դրա համար մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում։ Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը, մենք չենք հապաղելու», - ասաց նախարարը:

Հարցին՝ հարձակվելու՞ ենք նաև, Տոնոյանը պատասխանել է. «Իսկ ինչու՞ ոչ»։

Ռուսական նոր վարկով, որը ևս 100 մլն դոլար է կազմելու, Հայաստանը ձեռք է բերելու այնպիսի սպառազինություն, որը հնարավորություն կտա, չմտնելով սպառազինությունների մրցավազքի մեջ, խնդիրները հաջող լուծել։ Սպառազինության տեսակը, ըստ նախարարի, դեռ գաղտնիք է։