ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Վայոց Ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչներն իրենց հերթական շրջայցի ժամանակ նկատել են կովկասյան ընձառյուծին և նկարահանել կենդանուն։ Այս մասին հայտնում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF)։
«Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ մարդը նկարել է ընձառյուծին։ Մինչ այս մենք կարողանում էինք այս չափազանց զգուշավոր կենդանուն տեսնել միայն ֆոտոթակարդների միջոցով»,– նշված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2019 թվականը հայտարարել է Կովկասյան ընձառյուծի տարի։
Հայաստանում տվյալ պահին հաշվառված են ընձառյուծների 7-9 առանձնյակներ, որոնք ապրում են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում:
Ընձառյուծների պահպանման ծրագիրն իրականացնում է Հայաստանի բնապահպանության նախարարությունը WWF–ի հետ համատեղ։