Հովհաննես Շողիկյանն ու Կարեն Գիլոյանը մասնակցեցին SputnikPRO նախագծին

Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալությունն ու ռադիոն և ՌՀՀ ժուռնալիստիկայի ամբիոնը SputnikPro կրթական ծրագրի շրջանակում նախաձեռնել են «Ուղիղ եթերում աշխատելու հմտությունները» ուսումնական մոդուլը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Մեդիան թիմային աշխատանք է, և այստեղ կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը. մարդը լրագրող է այն պահից, երբ ընտրում է այդ մասնագիտությունը։ Sputnik Արմենիա ռադիոկայանի լուրերի հաղորդավար Հովհաննես Շողիկյանն այս մասին ասաց Ռուս–հայկական (սլավոնական) համալսարանի ուսանողների հետ առաջին հանդիպման ժամանակ։

Վարպետության դասընթաց ուսանողների համար, կամ ԵՊՀ–ում նաև լսարաններից դուրս են սովորում

Երիտասարդները Sputnik Արմենիայի խմբագրություն էին եկել SputnikPro կրթական ծրագրի «Ուղիղ եթերում աշխատելու հմտությունները» ուսումնական մոդուլի շրջանակում, որը նախաձեռնել են Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալությունն ու ռադիոն և ՌՀՀ ժուռնալիստիկայի ամբիոնը։ Նախագծի նպատակն է ամրապնդել լրագրության ավանդույթները և պրոֆեսիոնալ կադրեր պատրաստել։ Դասընթացները կազմված են 9 գործնական պարապմունքից և նախատեսված են առաջին կուրսում սովորող 35 ուսանողի համար։

Մոդուլը վարում է Հովհաննես Շողիկյանը, որն ուսանողների հետ հանդիպումների շրջանակում ներկայացնում է իր հարուստ փորձը` գործընթացին ներգրավելով մեդիադաշտի փորձառու գործընկերներին։

«Արդեն 20 տարի աշխատում եմ այս ոլորտում։ Մեր գործում շատ կարևոր է մասնագիտությունը սիրելը, նվիրված լինելը, ազնիվ մնալը։ Մեր մասնագիտության դրական կողմերից մեկն այն է, որ դու երբեք չգիտես, թե ինչ կլինի մեկ րոպեից։ Այստեղ ամեն ինչ հնարավոր է։ Ձեզնից մեկը կարող է մի օր նույնիսկ վարչապետ դառնալ», – ասաց Հովհաննես Շողիկյանը, իսկ ուրախացած ուսանողները գնահատեցին երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների վերաբերյալ հումորը։

Ուսանողները ոգևորությամբ լսեցին վարպետության դասը, ուղիղ եթերում հետևեցին պրոֆեսիոնալների աշխատանքին, հետո հարցեր ուղղեցին ոչ միայն Հովհաննես Շողիկյանին, այլ նաև Sputnik Արմենիայի մյուս մասնագետներին։

Նորագույն միտումներ. SputnikPro–ն հյուրընկալում է երիտասարդ լրագրողների տարբեր երկրներից

«Շատ լավ է, որ մենք այստեղ ենք և գործնականում ենք տեսնում պրոֆեսիոնալների աշխատանքը։ Միշտ չէ, որ նման հնարավորություն է լինում», – նշեց ուսանողուհի Լյուսի Պետրոսյանը։

Հանրային հեռուստաընկերության մարզական խմբագրության ղեկավար Կարեն Գիլոյանն էլ, որ այդ պահին Sputnik Արմենիայի հյուրն էր, եթերից հետո նույնպես միացավ Շողիկյանին և ուսանողներին։ Նա խոսեց մարզական մեկնաբանի աշխատանքի առանձնահատկությունների մասին ու մասնագիտական գաղտնիքներ բացեց։

«Ես գիտեմ նույնիսկ մեր մարզիկների ոտքի համարը, հիշում եմ` նրանք քանի քույր ու եղբայր ունեն, երբ են ամուսնացել նրանց ծնողները», – կատակեց Կարեն Գիլոյանը։

Հովհաննես Շողիկյանն ու Կարեն Գիլոյանը մասնակցեցին SputnikPRO նախագծին

SputnikPro–ն միջազգային նախագիծ է լրագրողների, պրոֆիլային բուհերի ու մամուլի ծառայությունների աշխատակիցների համար։ Այն ուղղված է լրագրողների միջև միջազգային ու միջմշակութային կապերի զարգացմանը։ Մերձավոր արտասահմանի լրագրողների համար այն իրականացնում է ԱՊՀ, արտասահմանում ապրող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության հարցերով Դաշնային գործակալությունը (Ռոսսոտրուդնիչեստվո)։

Sputnik Արմենիան գործունեությունը սկսել է 2015 թվականի հուլիսին և Sputnik միջազգային նախագծի մի մասն է կազմում։ Գործակալության պորտալը ներառված է երկրի առաջատար առցանց ԶԼՄ-ների լավագույն հնգյակում։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիո է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն: