ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի բուժաշխատողներն աշխատավարձ կստանան առաջիկա օրերի ընթացքում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ կենտրոնի աշխատակիցները 2018 թվականի դեկտեմբերից աշխատավարձ չեն ստացել։ Լաբորատոր հետազոտության բաժանմունքի ղեկավար Դավիթ Գրիգորյանը նշել էր, որ նման բան առաջին անգամ է տեղի ունենում, սովորաբար բուժանձնակազմը մինչև հաջորդ ամսվա 15-ը ստանում է աշխատավարձը։ Կենտրոնի հաշվապահությունում պարզաբանել են, որ բուժհիմնարկի բյուջեն պետպատվերի վրա է նստած, և քանի որ պետության հետ պայմանագիրը դեռ ստորագրված չէ, բուժկենտրոնը պետական ֆինանսավորում չի ստացել և չի կարող վճարել աշխատավարձերը։
«Աշխատավարձերի վճարման ուշացումները ընթացակարգային հարցերի հետ են կապված, մասնավորապես, ֆինանսավորման տրամադրման մասին պայմանագրի ստորագրման։ Այսօր կամ վաղը աշխատակիցները կստանան իրենց աշխատավարձերը», – վստահեցրեց ՀՀ ԱՆ մամուլի քարտուղարը։
Նիկողոսյանը չբացառեց, որ նույն պատճառով մի քանի այլ բուժհաստատություններում ևս կարող էին նման խնդիրներ առաջանալ։ Այժմ աշխատանք է տարվում պայմանագրեր ստորագրելու վերաբերյալ, և մի շարք բուժհաստատություններ մասնակցում են այդ գործընթացին։
Sputnik Արմենիայի խմբագրություն ահազանգ էր ստացվել «Արտաշատ» բուժկենտրոնի աշխատակցից, որը հայտնել էր, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում հիմնարկում մի քանի տնօրեն է փոխվել։ Արդյունքում բուժանձնակազմի աշխատավարձերը մի քանի ամսով ուշացրել են։
Մեկնաբանելով այս հարցը` Նիկողոսյանը ասաց, որ Արտաշատի բուժկենտրոնը գտնվում է մարզպետարանի ենթակայության տակ, սակայն ՀՀ ԱՆ–ն կփորձի կարգավորել իրավիճակը և օգնել հիվանդանոցի աշխատակիցներին։
Իսկ մարզպետարանի հետ մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել։