Խաչանովն իր տեղը զիջեց հույնին. թենիսիստը զբաղեցրել է 12–րդ տեղը ATP վարկանիշում

Ռուսահայ թենիսիստ Կարեն Խաչանովը զբաղեցնում է 12–րդ տեղը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Թենիսիստ Կարեն Խաչանովը զբաղեցնում է 12–րդ տեղը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշում։

Մեկ շաբաթ առաջ Խաչանովը զբաղեցրել էր 11–րդ հորիզոնականը։ Սակայն հույն Ստեֆանոս Ցիցիպասի հաջողությունների պատճառով, որը զբաղեցրել է նույն 11–րդ տեղը, Խաչանովի դիրքերը փոխվել են։

Վարկանիշի առաջին տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Առաջատար է սերբ Նովակ Ջոկովիչը։ Նրան հետևում են իսպանացի Ռաֆայել Նադալը, Ալեքսանդր Զվերևը Գերմանիայից, արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն, հարավաֆրիկացի Քևին Անդերսոնը, ճապոնացի Քեյ Նիսիկորին, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ավստրիացի Դոմինիկ Թիմտ, ամերիկացի Ջոն Իսները և խորվաթ Մարին Չիլիչը։