Տիտովը պատմեց, թե Փաշինյանի հետ ինչ են պայմանավորվել

ՌԴ նախագահին առընթեր գործարարների իրավունքների պաշտպան Բորիս Տիտովը պատմեց, թե Դավոսում ինչ են պայմանավորվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ՌԴ նախագահին առընթեր գործարարների իրավունքների պաշտպան Բորիս Տիտովն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են հայ–ռուսական գործարար համաժողով անցկացնել։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպած Մոսկվա-Երևան-Մինսկ-Քիշնև-Տալլին տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց Տիտովը։

«Հանդիպման ժամանակ քննարկեցինք Ռուսաստանի և Հայաստանի գործակցությանը վերաբերող հարցեր, նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք հայ–ռուսական գործարար համաժողով անցկացնելու մասին։ Ամսաթիվը չենք հստակեցրել։ Մեր երկրները բարեկամական թելերով ենք կապված», – ասաց Տիտովը։

Նրա խոսքով` դա առաջին հանդիպումն էր, և ռուսական կողմին հետաքրքիր էր` ինչ կարծիք ունի Հայաստանը տնտեսական հարցերի վերաբերյալ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև փոքր և միջին բիզնեսի զարգացումն ու այլ նախաձեռնությունները։ Նա ընդգծեց, որ Հայաստանում այսօր տնտեսական ռազմավարություն է մշակվում, թիմ է պատրաստվում, որը պետք է մշակի բոլոր փուլերը։

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Հիշեցնենք, որ հունվարի 22-25-ը Դավոսում տեղի է ունեցել Համաշխարհային տնտեսական ֆորումը, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը։

Հայաստանը ֆորումին երրորդ անգամ էր մասնակցում. առաջին անգամ մասնակցել է 2009 թվականին, երկրորդ անգամ` նախորդ կառավարության օրոք 2018 թվականին։