ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Բունդեսլիգայի «Ռեգենսբուրգ»-«Համբուրգ» երեկ կայացած հանդիպման ժամանակ հայ ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ դարձավ։
Իզուր չէ, որ Սարգիս Ադամյանի նկատմամբ արդեն հետաքրքրություն են ցուցաբերում Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության թիմերը: Հայ ֆուտբոլիստն իր հաստատուն տեղը ունի «Ռեգենսբուրգի» կազմում, որը պայքարում է Գերմանիայի էլիտայում հանդես գալու համար: Հաշվետու խաղում «Ռեգենսբուրգը» հյուրընկալել էր առաջատարին՝ «Համբուրգին»: Առաջին կեսում գնդակ ընդունելով սեփական դարպասը` դաշտի տերերը շարունակեցին պայքարել ու հասան իրենց նպատակին:
Խաղի ելքը վճռվեց հիմանական ժամանակի վերջին 15 րոպեների ընթացքում: Սարգիս Ադամյանի հեղինակած գոլը անմիջապես ոգևորեց «Ռեգենսբուրգի» ֆուտբոլիստներին, որոնք կարողացան հանդիպման ավարտից 9 րոպե առաջ խփել նաև հաղթական գնդակը: Այս խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ բարելավեց իր արդյունավետության ցուցանիշը:
Երկրորդ Բունդեսլիգայում մասնակցելով 22 հանդիպման` Ադամյանը խփել է 9 գնդակ ու կատարել 6 գոլային փոխանցում: