Պարտադիր զինծառայությունից խուսափածներին թույլ կտրվի վերադառնալ Հայաստան

Մինչև 2019թ.–ի մարտի 1-ը 27 տարեկան դարձած զինապարտները կկարողանան վճարել տուգանքն ու վերադառնալ Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Պարտադիր զինծառայությունից խուսափելու մեղադրանքով 10 000 զինապարտ ներկա պահին հետախուզման մեջ է։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հանձնաժողովի օրակարգում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծն է, որի հեղինակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն առաջարկում է օրենքի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի մարտի 1–ը։

Զինապարտները Նիկոլ Փաշինյանի կոչին չեն արձագանքել

Գորգիսյանը կարծում է, որ դա հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված գումարն ու վերադառնալ Հայաստան` ազատվելով քրեական հետապնդումից:

Ու թեև հանձնաժողովը հավանության արժանացրեց նախագիծը, բայց հանձնաժողովի նախագահի համոզմամբ, օրինագիծն ամեն տարի «ռեստարտ» անելով շատերի մոտ կարծիք է ձևավորվում, թե կարող են գնալ Հայաստանից, խուսափել պարտադիր զինծառայությունից, հետո վճարել գումարն ու ազատվել պատասխանատվությունից։

«Պետությունը միշտ կուզենա իր հայրենակիցների համար հնարավորություն ստեղծել Հայաստան վերադառնալու: Ես էլ եմ այդպես ուզում, բայց ես ուզում եմ այնպիսի իրավիճակ ունենանք մեր անվտանգության համակարգում, որ բանակում չծառայելը լինի անհնար: Ծառայելը պետք է պատվաբեր լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նշենք, որ գործող օրենքը նախատեսում էր զինվորական ծառայությունից խուսափած այն անձանց, ում 27 տարին լրանում էր մինչ 2017թ.-ի վերջը, վերադառնալ Հայաստան, վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական հետապնդումից: Օրինագծով առաջարկվում է օրենքի գործողության ժամկետը սահմանել մինչև 2019թ.–ի մարտի 1-ը։

Օրենքի նախագիծն առաջիկայում կընդգրկվի խորհրդարանի հերթական նիստի օրակարգում։