Ովքեր են Էրեբունիում հնչած կրակոցներից տուժածները. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Դեպքի վայրում լքված ավտոմեքենաներում հայտնաբերվել են արյան հետքեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել անցած գիշերը Երևանի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության վերաբերյալ։

Ըստ հաղորդագրության՝ կրակոցների հետևանքով վնասվածքներ ստացածները մինչև 30 տարեկան երիտասարդներ են։

Նրանցից մեկը` 27-ամյա երիտասարդը, Էրեբունիում Այվազովսկու փողոցից հիվանդանոց է տեղափոխվել շտապ օգնության ավտոմեքենայով փետրվարի 24-ին, 21։ 45-ի սահմանում, «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։

Կրակոցներ Երևանում. տեսարանը մարտաֆիլմ էր հիշեցնում, կա 3 վիրավոր

Գրեթե նույն ժամին «գլխի հրազենային վնասվածքով» բուժօգնության է դիմել նաև 26-ամյա երիտասարդ, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Այվազովսկու փողոցում:

Ժամը 22.15-ին հիվանդանոց է դիմել նաև 29-ամյա մեկ այլ երիտասարդ`«աջ ազդրի հրազենային վերք» ախտորոշմամբ։ Նա հայտնել է, որ ավտոմեքենան վարելու ժամանակ Էրեբունու տարածքում ուժեղ ձայն է լսել և ոտքի ցավ զգացել։

Ոստիկանները ճշտել են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը, ճշտել դեպքի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը։ Բայց, քննության շահերից ելնելով, այդ տեղեկատվությունն առայժմ չի հրապարակվում։

Միաժամանակ ոստիկանությունը հայտնում է, որ նույն օրը Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում հայտնաբերվել են «Լենդ Ռովեր», իսկ Արցախի և Էրեբունու փողոցների խաչմերուկում` «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ` հրազենային և արնանման հետքերով։

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10/1 հասցեում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տրամաչափի պարկուճներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և այլ փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: