ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Փետրվարի 24-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի էներգետիկայի նախարար, դոկտոր Լուեյ ալ-Խատիբին (Dr. Loay Al-Khatteeb)։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ հայկական կողմը մատնանշել է Հայաստանից դեպի Իրաք էլեկտրականության առաքման, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ բնագավառում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության վերաբերյալ։
Նախարար ալ-Խատիբը, ներկայացնելով Իրաքի էներգետիկ ոլորտում առկա խնդիրները և ձեռնարկվող միջոցառումները, ՀՀ դեսպանին հայտնել է իրաքյան կողմի պատրաստակամությունը` խորացնելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը։