Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուխով գործարարների մասին խոսեց «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսում անցած շաբաթ օրը Վանաձորում ունեցած ելույթում: Հետաքրքիր շեշտադրումներով ելույթ էր՝ ցանկացած պարագայում:
Ինչ վերաբերում է «դուխով գործարարներին», ապա նրանք են լինելու հռչակված «տնտեսական հեղափոխության» շարժիչ ուժը, կամ այդ հեղափոխության պատասխանատվությունը, ինչպես նկատեց Նիկոլ Փաշինյանը, կարող են իսկապես կրել «դուխով մարդիկ, դուխով գործարարները, որոնք վստահ են իրենց ստեղծարար տաղանդի, աշխատասիրության, ազնվության և սկզբունքայնության վրա և գիտեն, որ տեսակով հաղթող են»:
Առհասարակ, գործարարության մեջ «դուխ» ասվածը ռիսկն է: Կա թևավոր արտահայտություն, որ ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի ըմպում: Բայց տնտեսական գործունեության, գործարարության դեպքում նաև ռիսկերն են հաշվարկում: Ավելի ճիշտ, ոչ թե նաև հաշվարկում են, այլ որևէ գործ բռնելու դեպքում առաջինը դրանք են դիտարկում: Այնպես որ, միայն «դուխը», եթե կուզեք՝ համարձակությունը քիչ է: «Նյուխ» էլ է պետք, այսինքն՝ բիզնես-հոտառություն, եթե կուզեք՝ քթածակ:
Ինչ վերաբերում է «սլուխին», ապա այս դեպքում, իհարկե, երաժշտական լսողությունը նկատի չունենք, այլ ընթացիկ լուրերը, տեղեկությունները, խոսակցությունները: Բայց դրա մասին` քիչ անց:
Վերադառնանք վարչապետի շաբաթօրյա ելույթին: Նա, իհարկե, դեռ ժամանակ կունենա
ավելի ու ավելի մանրամասնել իր ասած «տնտեսական հեղափոխության» կողմնորոշիչները, հայեցակարգը, «դուխով գործարարի» իր պատկերացումը, նման սահմանմանը համապատասխանելու չափորոշիչները: Ժամանակ ու հնարավորություն կունենա, քանզի նախատեսված է, որ այս տարվա ընթացքում Հայաստանի մյուս մարզերում էլ նմանօրինակ համաժողովներ անցկացվեն, ընդհանուր առմամբ՝ 8 համաժողով: Այսինքն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս թեման ու իր պատկերացումներն ավելի ու ավելի բացելու ևս 8 հարմար առիթ կունենա, չհաշված արդեն կառավարության նիստերը, եռամսյակը մեկ հրավիրվող հանրահավաքները կամ նման առիթները, խորհրդարանում հարցուպատասխանները և այդպես շարունակ:
Գործող կառավարության հիմնական մոտեցումներից մեկը, ինչպես դա կարելի է բխեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ վանաձորյան ելույթից, մարդուն քաջալերելն է, որ նա ստեղծի այն, ինչը իր հնարավորությունների տիրույթում է: Ինչպե՞ս են քաջալերելու: Նաև խոսքով, ինչպես ընդգծեց ելույթ ունեցողը:
Խոսքը, ինչ խոսք, կարևոր քաջալերանք ու խթան է: Բայց դա, իհարկե, քիչ է, մանավանդ՝ տնտեսական տեղաշարժի հասնելու համար, էլ չենք ասում՝ հեղափոխության:
Թերևս նաև դա նկատի ունենալով` վարչապետը նույն ելույթում ընդգծեց մինչ այս տարբեր առիթներով արդեն շեշտած հանգամանքներ, մասնավորապես՝
իրական տնտեսական գործունեության հնարավորություններ ստեղծելը, մենաշնորհների, կոռուպցիայի բացառումը, օրենսդրության բարեփոխումներն ու կատարելագործումը: Այս կամ այն գործարարին կամ ճյուղին ապօրինի երաշխիքներ չտալը, այլ հակառակը՝ բոլորի համար հավասար երաշխիքների սկզբունքը պահպանելը:
Գործիքակազմը, պետք է նկատել, առանձնապես նոր չէ: Ու անհայտ էլ չէ: Բայց ինչ վերաբերում է խոսքին, խոսքերին ու «սլուխներին», ապա այստեղ հարցեր կան: Իշխանության եկած ուժը, Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքի ամենևին էլ ոչ շարքային ներկայացուցիչները, մեկ՝ «անցումային արդարադատություն» կիրառելու մասին են խոսում, մեկ՝ մեծահարուստների ունեցվածքի էքսպրոպրիացիայի, այսինքն՝ ունեցվածքի 70 տոկոսը պետության օգտին առգրավելու մասին, եթե չկարողանան բացատրել, թե որտեղի՞ց: Այլ նմուշներ էլ կարելի է վերհիշել:
Բայց հիմնականն այն է, որ բոլոր այդ կարգի խոսակցությունները ոչ մի լավ բան չեն կարող հուշել պոտենցիալ ներդրողներին:
Եթե բանկային գաղտնիքը այնքան էլ գաղտնի չէ, եթե ցանկացած օր մեկը կարող է արթնանալ ու որոշել, որ վե՛րջ, վաղվանից էդ հարուստներին պետք է կուլակաթափ անել, ըստ որում` լրիվ օրենքով (օրենքն ի՞նչ է, որ ԱԺ մեծամասնությունը ձեռաց կամ կոճակսեղմած չընդունի) ու էլի «եթե»-ներ, ապա ներդրումային գրավչությունը կսկսի գոլորշիանալ, որքան էլ օրումեջ հավաստիացնես, թե կոռուպցիա չկա, մենաշնորհ չկա, իսկ օլիգարխներն էլ հնազանդ խոշոր սեփականատերեր են դարձել:
Տնտեսությանը պետք են ներդրումներ, հասարակությանը պետք են աշխատատեղեր, պետք է տնտեսության իրական հատվածի աճ, մարդկանց եկամուտների աճ, կանխատեսելի ու վերահսկելի գնաճ և այլն, և այլն: Ներդրողների ու ներդրումների համար պետք է, որ հարկային կայունություն լինի, առհասարակ կայունություն, կանխատեսելիություն, որպեսզի կարողանան հաշվարկել իրենց ներդնելիքն ու հնարավոր ստանալիքը:
Բազմաթիվ նման «պետք է»-ներ կան, ի վերջո, սկսած իրացման շուկաների հասանելիությունից, վերջացրած իրավապահ ու դատական մարմինների գործունեությամբ:
Ի լրումն ամենի, անընդհատ շեշտվող «տնտեսական հեղափոխություն» արտահայտությունը, առնվազն մեր համեստ կարծիքով, չի նպաստում մեր երկրի ներդրումային գրավչությանը: Բիզնեսմենները, որքան էլ «դուխով» ու «նյուխով» լինեն, հեղափոխությունների մեծ սիրահար չեն: Նույնիսկ բուրժուադեմոկրատական հեղափոխությունների դեպքում ու դրանցից հետո:
Հեղափոխություն ասվածը ենթադրում է վերափոխումներ, ցնցումներ, անկայունության որոշակի ժամանակահատված: Իսկ մեր դեպքում, դատելով իշխանության նկատելի մի շարք ներկայացուցիչների ելույթներից, պարբերաբար կարող են նորություններ ու նոր մոտեցումներ հրամցվել: Այսինքն, դեռ ժամանակ կպահանջվի ինչ-որ կայունության, տվյալ պարագայում տնտեսական կյանքում կայունացման գալու համար:
Ի դեպ, էլի խոսքերի մասին: Մեկ ՏՏ ոլորտն է տնտեսական հրաշքի արարիչ դիտվում, մեկ ոչխարապահությունը կամ գառնաբուծությունն է որպես բնակչության բարեկեցության ապահովման հնարավորություն ներկայացվում: Որպես ճառ ու ելույթ, հնարավոր է, գեղեցիկ ու տպավորիչ են հնչում: Բայց չի կարող ամբողջ երկիրը «համակարգիչ վարել» կամ «բարձր տեխնոլոգիաներով» զբաղվել, ինչպես երկրի ողջ բնակչությունը չի կարող գառնարած դառնալ:
Այդպես մեկ էլ անկախության վերականգման արշալույսին գեղեցիկ փաթեթավորված ելույթներ էին հնչում կոնյակով ու հանքային ջրով ամբողջ Հայաստանը պահելու մասին: Բավականին «դուխով» ելույթներ էին, եթե հիշողներ կան:
Շատ հետաքրքիր էր նաև, թե վարչապետն ինչպես արձագանքեց Ստեփանավանի «Անահիտ» հանգստյան տան սեփականատեր ներկայացած գործարարի հարցին: Հարցն ընդհանուր առմամբ վերաբերում էր առևտրային բանկերի վարկային մոտեցումներին, որ ըստ նշված սեփականատիրոջ՝ վաշխառուական մոտեցմամբ են: Նա նաև բերեց իր օրինակը` հպանցիկ նշելով, թե ինչ պրոբլեմի մեջ է ընկել, ինչպես է վարկի գումարը տուգանքներով աճել` գրեթե հնգապատկվելով: Հա, հարց տվողը պարզորոշ ակնարկեց, որ դատական ատյաններին էլ է դիմել, ինքն էլ իրավաբան է:
Այնպես չէ, որ պատասխանելու ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չանդրադարձավ վարկային խնդիրներին կամ չնշեց, որ որդեգրվել է վարկային տոկոսադրույքներն իջեցնելու քաղաքականություն: Ասաց: Սակայն տպավորվեց այն, որ ակտիվ հակադարձման տոնայնությամբ Նիկոլ Փաշինյանն ասաց այդ ամենը ու հատկապես այն, որ հարց տվողը հին տնտեսական համակարգի ներկայացուցիչ է, որը տնտեսական գործունեություն անելու համար պետք է հովանավոր ունենա, «կռիշա» ունենա: «Բա վարկը վերցրել եք, ստորագրել եք ու այդ պահին վերլուծե՞լ եք, թե ձեզ համար այդ վարկը տանելի է, թե ոչ: Էսօր, գիտեք, ինչքան մարդ է գյուղվարկ վերցնում, գնում «Նիվա» առնում, հետո խմում ու տանում, խփում պատին, հաջորդ պահին ասում՝ բա կառավարություն, մեզ համար բան չես անո՞ւմ: Ի՞նչ անի կառավարությունը էդ մարդկանց համար»,- ոգևորված արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ ստանալով դահլիճում գտնվողների խրախուսական ծափահարությունները:
Բայց մի՞թե հանգստյան տան տնօրենը դրա մասին էր հարցնում: Մի՞թե նա նման էր խմած «Նիվա» վարողի: Մեզ վրա նման տպավորության այդ անձնավորությունը, կներեք, չթողեց: Եվ հետո, եթե նա ուզենար «տանիք», նույն ինքը՝ «կռիշ» ունենալ, ապա կունենար, չէ՞, ու վարկային թնջուկի մեջ և դատական ատյանների դռներին չէր հայտնվի: Ի վերջո, մարդը հո հենց այնպե՞ս չասաց, որ իրավաբան է: Բայց ո՞ւմ են նման հարցերն ու կոնկրետիկան հետաքրքրում: Կարևորը՝ «դուխով գործարարների» ի հայտ գալն է, որպես տնտեսական նոր համակարգի ներկայացուցիչներ:
Աչքներս տեսնի, ինչպես սիրում են ասել կյանքի փորձ կուտակածները: