Առողջապահության նախարարը խորհուրդ է տալիս. узбагойтесь

Արսեն Թորոսյանն արձագանքել է համացանցում տարածում գտած մարիխուանայի օգտագործման արգելքը հանելու թեմային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու են թութունը, որ թույլատրեն պլանը» ու իրենք տարածում, իրենք ուրախանում են իրենց ստի վրա։ Ֆեյսբուքյան իր գրառման մեջ գրում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ինչպես պայքարել ծխախոտի դեմ` «չծխաղտոտելով», թե՞ «անծուխ Հայաստանով». Սիմոնյանի դեղատոմսը

«Ոչ ոք չի արգելում ծխելը, չնայած նրան, որ այն տարեկան սպանում է մեր հազարավոր քաղաքացիների, այլ սահմանափակվելու են փակ հանրային վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը, որպեսզի կանխարգելվի այդ «սպանդը»»,– գրում է Թորոսյանը։

Ինչ վերաբերում է թմրանյութերի ազատ վաճառքին, նախարարը հայտնում է, որ նման նախաձեռնություն չկա և չի կարող լինել։

«Ձեր վառ երևակայությունը լավ կլինի պահեք ձեզ։ Ես ինքս կարգելակեմ ցանկացած նման նախաձեռնություն, քանի դեռ կառավարության անդամ եմ, եթե որևէ մեկի մտքով նման բան անցնի։ Վստահ եմ նույնը կանի մեր ամբողջ կառավարությունը»,– գրում է նախարարը։

Գրառումն ավարտելով՝ առողջապահության նախարարը սոցիալական ցանցերում նման լուրեր տարածողներին նաև մտերմիկ խորհուրդ է տալիս` узбагойтесь։