Արցախի նախկին պետնախարարը բաց նամակով դիմել է Փաշինյանին

Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետին խորհուրդ է տալիս չվախենալ պարտքի ավելացումից ու հետ չմնալ համաշխարհային տնտեսական զարգացումներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Արցախի նախկին պետնախարար, Արցախում գործող «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա գրում է, որ համաձայն չէ Հայաստանի պետական պարտքի մասին մամուլում և փորձագիտական շրջանակներում առկա հոռետեսական գնահատականներին ու նույնիսկ խորհուրդ է տալիս տնտեսությունը զարգացնելու համար նոր փողեր ներգրավել։

Հայաստանի պետական պարտքը. ո՞ւր կուղղվեն վարկերը

«Մեկ շնչի հաշվով համաշխարհային անվանական (նոմինալ) ՀՆԱ-ն, ըստ միջազգային մասնագիտական աղբյուրների, ներկայումս կազմում է մոտ 10.000 ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ-ում՝ մոտ 4000 ԱՄՆ դոլար: Եվ այս ցուցանիշով ՀՀ-ն աշխարհի առաջին 100 երկրների շարքում ընդգրկված չէ: Տարբեր մասնագիտական գնահատումներով՝ առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսության համար կանխատեսվում է տարեկան միջինը 3% աճ: Այսինքն՝ աշխարհի մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ն կավելանա տարեկան մոտ 300 ԱՄՆ դոլարով:

Համաշխարհային միջինից էլ ավելի հետ չընկնելու նպատակով ՀՀ-ն ևս պետք է ձգտի ապահովել մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճ՝ տարեկան առնվազն 300 ԱՄՆ դոլարի չափով, ինչը նշանակում է ապահովել առնվազն 7,5% տնտեսական աճ»,– գրում է Արայիկ Հարությունյանը։

Դա, նրա համոզմամբ, այն նվազագույն աճի շեմն է, որը պետք է ամեն գնով ապահովել` համաշխարհային զարգացման միտումներից հետ չմնալու համար: Իսկ դրան հասնելու ճանապարհը Արցախի նախկին պետնախարարի համոզմամբ մեկն է` ներդրումները:

Արայիկ Հարությունյանի հաշվարկով` եթե Հայաստանի ներկայիս ՀՆԱ-ն այսօր ՀՀ-ին տարեկան մոտ 4 մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում է ենթադրում, ապա 5-7 տարի հետո ներդրումային պահանջարկը կհասնի 7-8 մլրդ ԱՄՆ դոլարի։

«Մեր համոզմամբ՝ ուղղակի ներդրումներով հնարավոր չէ ապահովել այդ ծավալները: Ուստի անհրաժեշտ է ներգրավել ֆինանսական ռեսուրսներ պետական և այլ խողովակներով: Այստեղ խոսքն առավելապես փոխառու միջոցների ներգրավման մասին է։ Պարտք վերցնելու առաջարկն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց ոլորտի համաշխարհային միտումների վերլուծությունը թույլ է տալիս համոզվել այս մոտեցման ճշմարտացիության մեջ»,– գրում է նա։

Արայիկ Հարությունյանը հիշեցնում է, որ Հայաստանի ընդհանուր պարտքը ներկայում կազմում է շուրջ 12-13 մլրդ ԱՄՆ դոլար, մեկ բնակչի հաշվով` 4 000 ԱՄՆ դոլար։

Համաշխարհային պարտքի ընդհանուր ցուցանիշում, նրա խոսքով, Հայաստանի պարտքային բեռը համեմատաբար ցածր մակարդակի վրա է։