Արարատ Միրզոյանը Երևան է հրավիրել Վալենտինա Մատվիենկոյին

Արարատ Միրզոյանը ԱԺ խոսնակի պաշտոնում առաջին անգամ է այցելել Մոսկվա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է այս տարի այցելել Երևան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Սա Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իմ առաջին այցն է, և այդ այցն իրականացվել է հենց Ռուսաստանի Դաշնություն», – ասել է նա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով` դա արտացոլում է երկու երկրների բարեկամական, դաշնակցային հարաբերությունները։

«Առիթից օգտվելով` ուզում եմ այս տարի Ձեզ հարմար ցանկացած ժամանակ Հայաստան այցելել», – նշել է ԱԺ խոսնակը։

Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել. ինչպե՞ս է ԱԺ պատվիրակությունը Մոսկվա մեկնում

Միրզոյանը նշել է, որ Հայաստանի խորհրդարանի բոլոր երեք խմբակցությունները հետաքրքրված են հայ–ռուսական հարաբերությունները խորացնելու մեջ։

Միրզոյանը նշել է, որ համագործակցության առանցքային օղակը ՀՀ Ազգային ժողովի ու Ռուսաստանի խորհրդարանի միջև համագործակցության հանձնաժողովն է։

«Մենք արդեն ավարտում ենք հանձնաժողովի հայկական մասի ձևավորումը, կարծում եմ` պետք է նաև քննարկել հնարավորությունը, որ հանձնաժողովը գլխավորեն խորհրդարանների փոխխոսնակները», – ավելացրել է Միրզոյանը։

ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը Մոսկվա է մեկնել այսօր։ Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը եւ Անուշ Բեղլոյանը: