ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Իշխանության գլխավոր նպատակն է օգնել մարդկանց հավատալ իրենց ուժերին: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ համաժողովի ժամանակ։
Մարդիկ չպետք է համարեն, որ իրենցից ոչինչ կախված չէ։ Չի կարելի մտածել, որ կգան քաղաքական սուպերմեններն ու կանեն այն ամենը, ինչ պետք է։
«Երբ մենք ասում էինք, որ քաղաքացիներն են պատասխանատվություն կրում իրենց երկրի համար, մեզ իշխանությունների նախագիծ էին անվանում։ Ասում էին, թե մենք իշխանության վրայից ժողովրդի վրա ենք բարդում պատասխանատվությունը։ Մենք վստահեցնում էինք, որ իշխանությունը կարելի է փոխել առանց արյուն թափելու։ Եվ այդ ամենը տեղի ունեցավ։ Եվ ոչ մեր կուսակցության շնորհիվ։ Այլ նրա շնորհիվ, որ մարդիկ վստահեցին իրենց ուժերին», – հայտարարել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ իշխանությունները պետք է քաղաքացիներին վստահեցնեն՝ նրանք չորրորդ կարգի մարդիկ չեն, որոնցից ոչինչ կախված չէ։ Եվ նրանք, ովքեր փորձում են այս գործընթացի առաջնորդ դարձնել ոչ թե քաղաքացիներին, այլ առանձին առաջնորդներին, նրանք նոր օլիգարխիա են ուզում կառուցել։
«Մենք պետք է արմատախիլ անենք ցանկացած միտք այն մասին, որ իշխանությունն ու ժողովուրդը երկու առանձին կաստաներ են, այն մասին, որ ժողովուրդը նախապես պատրաստ է, որպեսզի իշխանությունը նրան սանձի։ Նման ցանկացած մտքի հետ մենք պետք է անողոք պայքար տանենք», – շեշտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է, որ հենց այդ պատճառով պետական չինովնիկները պետք է մինչև վերջ գիտակցեն իրենց կարգավիճակը. չի կարելի թույլատրելի արարողակարգից անցում կատարել անթույլատրելի ճոխության. «Յուրաքանչյուրը պարտավոր է, թեկուզ փորձերի և սխալների միջոցով, գտնել այդ սահմանը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքը ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիման վրա և խորհրդարանում 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ ընտրություններին ստացել է ձայների բացարձակ մեծամասնություն։