Երևանում մետրոյի նոր կայարան կառուցելու ծրագիրը մտել է գործնական փուլ. լուսանկարներ

Ներդրողները ցանկություն են հայտնում մասնակցելու մետրոյի կայարանի կառուցման ծրագրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Երևանի մետրոյի «Բարեկամություն» կայարանից գնացքը «Աջափնյակ» կհասնի 525 մ երկարության թունելով: Այն կառուցվել է դեռևս Խորհրդային Միության տարիներին և մնացել անավարտ: Հիմա թունելային անցումն ամբողջությամբ կարդիականացվի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Սա պետք է լինի 100%-անոց բիզնես ծրագիր և բիզնես ծրագրի ներդրումով մենք պետք է կարողանանք իրագործել կամրջի և նոր կայարանի կառուցումը»,- նշել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն էլ ավելացրել է, որ բոլոր նախագծերում նպատակը մեկն է. պետական պարտքի ավելացման կամ բյուջեի վրա ծանրաբեռնվածություն չավելացնելով՝ ստեղծել նոր արժեքներ քաղաքում և նոր ենթակառուցվածքներ: «Մետրոյի նոր կայարանի շինարարությունը պետք է սկսի աշխատանքը մետրոյից, նոր միայն ավարտվի բիզնես մոդելով: Այս սկզբունքը դրված է, հստակ է բոլոր մեր հնարավոր ներդրողների հետ բանակցություններում»,- նշել է նա:

Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես ծրագիրը երկու բաղադրիչ է ներառում. մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրի կենտրոնի կառուցում և տարածքում բնակարանային ֆոնդի թարմացում:

«Օրինակ` կամրջի Աջափնյակի մասում՝ ձորի մյուս հատվածում, առաջարկվում է կառուցել առևտրային մեծ կենտրոն: Այն, քանի որ մոտ է մետրոյին, հաճախելիության առումով շատ մեծ գործակից կունենա, սա արդեն հետաքրքիր ծրագիր է»,- ասել է Մեսչյանը:

Փոխքաղաքապետը նշել է, որ անմիջապես մետրոյի հարևանությամբ կա հնացող ֆոնդով թաղամաս: Դա Հալաբյան փողոցին հարող հատվածն է:

«Այստեղ մենք ունենք վթարային շենքեր և դրանցից յուրաքանչյուրը դիտարկվում է որպես առանձին վերականգնման բիզնես ծրագիր: Ցածր հարկայնությունը բարձր հարկայնության փոխարինելով, առանց բյուջեի ծանրաբեռնվածության, կարող ենք ունենալ նոր բնակարանային ֆոնդ՝ մարդկանց վերաբնակեցման հնարավորությամբ»,- նշել է նա։

Համայնք-մասնավոր հատված համագործակցության այս օրինակներն արդեն իսկ սկսել են հետաքրքրել ներդրողներին, որոնք ցանկություն են հայտնում մասնակցելու մետրոյի կայարանի կառուցման ծրագրին: Մետրոյի աշխատակիցների ու մետրոշինարարների հետ ապագա կայարանի տարածքին ծանոթացել է նաև գործարար Արսեն Իսկանդարյանը:

«Մենք հիմա քաղաքապետարանի հետ դիտարկում ենք տարբերակ, որ կառուցենք Աջափնյակ կայարանն առանց պետական ներդրումների: Պոլիտեխնիկի առաջին շրջանավարտներից եմ և ժամանակին մասնակցել եմ մետրոյի շինարարությանը: 40 տարի անց վերադառնալով՝ ցանկություն ունեմ շարունակել այս գործը»,- ասել է նա:

Մետրոպոլիտենի վերջին՝ 10-րդ կայարանը՝ Չարբախը, բացվել է 1996թ.: Դրանից հետո տևական ժամանակ խոսում էին Աջափնյակում ևս մեկ կայարանի գործարկման մասին: Խորհրդային տարիներին մշակված նախագիծը թղթի վրա մնաց տասնամյակներ շարունակ: Քաղաքային իշխանությունները կիսատ մնացած կայարանը կառուցելու և մետրոյի զարգացման նոր մեկնարկի համար այսօր նախաձեռնել են համալիր մի ծրագիր, որն արդեն իսկ գործնական փուլ է մտել: