«Գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը». Շարմազանովը դիմում է Փաշինյանին

ՀՀԿ խոսնակը հիշում է Նիկոլ Փաշինյանի ասածները և նշում, որ հակասական հայտարարությունների հարցում վարչապետն անգերազանցելի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորին գերազանցել է հակասական հայտարարություններ անելու հարցում։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին՝ խոստումներ չկատարելու և հակասական հայտարարություններ անելու մեջ։ Պարզվում է` դառնալով իշխանություն` Նիկոլն այս նոմինացիայում անգերազանցելի է»,– գրել է նա։

Շարմազանովը հիշեցրել է, որ 2017-թի աշնանը Փաշինյանը նախաձեռնել էր Եվրասիական միությունից դուրս գալու լսումներ,իսկ արդեն 2018-թի մայիսին հայտարարել ճիշտ հակառակը։

«2018-թի ամռանը հայտարարում է, թե կոռուպցիա չկա, իսկ 2019-թի ձմռանը ժողովուրդը Նիկոլից հակառակն է լսում։ Կոռուպցիա կա, փաստորեն։ 2018-թի օգոստոսին հայտարարում է, թե մարտի 1-ի դեպքերը բացահայտված են։

Մինչդեռ առ այսօր 10-ը զոհերի վերաբերյալ կոնկրետ բան չկա»,– նշել է ՀՀԿ խոսնակը։

Շարմազանովի խոսքով` կարմիր գծեր և տեսախցիկներ հանելու, գազի գինը էժանացնելու, ՀԱՊԿ -ում գլխավոր քարտուղար ունենալու, թռիչքային զարգացում ապահովելու ու այդ ամենին «կախարդական փայտիկով» հասնելու խոստումներն էլ Փաշինյանն այլևս չի արտասանում։

««Զիմզիմովից «սերդեչնիյ պրիվետ» ուղարկելուց առաջ պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը»,– ընդգծել է նա։

Որպես հետգրություն` Շարմազանովը մեջբերել է Մահաթմա Գանդիի ասածը. «Երջանկություն է, երբ այն, ինչ դու ասում ես և անում, գտնվում են լիակատար ներդաշնակության մեջ։