ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik, Գոռ Մարգարյան. Անցնող շաբաթվա ընթացքում Samsung ընկերությունը մատուցեց ամենաայքեզբան լուրը, որը դեռ երկար ժամանակ կքննարկվի, բայց ամեն ինչի մասին խոսենք հերթով, որովհետև դրանից առաջ հայտնի դարձավ, որ մարդիկ որոշել են «խելացի» դարձնել բանտերը, գողերին հեռու պահել մեքենաներից, իսկ հեծանիվը տեղավորել պայուսակում։
Պայուսակում տեղավորվող հեծանիվ
Հեծանիվները դառնում են էլեկտրական, խելացի ու նորարար, մեծ տարածություն էլ չեն զբաղեցնի. պետք եղած ժամանակ հնարավոր է ծալել այն աստիճան, որ տեղավորվի պայուսակում։ Անհավանական թվացող այս նորությունը հայտնել է Tech Insider-ը, որի հրապարակած տեսանյութում հստակ ներկայացված են YikeBike–ի տեխնիկական տվյալները։
Նորությունը 13 կգ–ից մի քիչ է ծանր, բայց թեթև լինելը չի խանգարում, որ սլանա առավելագույնը 23 կմ/ժ արագությամբ։ Հեծանիվը լիցքավորվում է 90 րոպեում, իսկ մեկ լիցքավորմամբ հնարավոր է օգտագործել 20 րոպե։
Խելացի բանտեր
Մեր խելահեղ աշխարհում տեխնոլոգիաները ծալում են հեծանիվները, իսկ բանտերը դարձնում անվտանգ։ Հոնկոնգցիներն ապացուցում են, որ բանտերին նույնպես հնարավոր է ինտելեկտ տալ։
Հոնկոնգի ուղղիչ ծառայության աշխատակիցները հայտնում են, որ շատ մոտ ապագայում ռոբոտների շնորհիվ բանտերում պատիժները կդառնան ավելի արդյունավետ, հսկիչների գործը նույնպես կհեշտանա և ավելի անվտանգ կդառնա։
Սկզբի համար նախատեսվում է տեսանկարահանող համակարգեր տեղադրել բանտարկյալների խցերում, նրանց ամեն մի տարօրինակ ու վտանգ ներկայացնող քայլը կնկատի համակարգը և կտեղեկացնի ում որ պետք է։ Բանտարկյալները կունենան ֆիտնես–թևնոցներ, որոնց միջոցով հեռու չեն կարողանա փախչել ու սրտի աշխատանքի հաճախականության մասին էլ պարբերաբար կտեղեկացնեն բանտի աշխատակիցներին։
Եվ ամենակարևոր առավելությունը` հսկիչներն այլևս պարտադրված չեն լինի թմրանյութեր հայտնաբերելու նպատակով փայտերի միջոցով ուսումնասիրել բանտարկյալների արտաթորանքը, որը հաճախ որպես արգելված իրերի թաքստոց է օգտագործվում. այդ տհաճ գործն այժմ կանեն հատուկ ծրագրավորված ռոբոտները։
Tesla–ն մտածում է շների ու գողերի մասին
Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ծնողները փոքր երեխային թողնում են մեքենայի մեջ, գնում են խանութ, իսկ այդ ընթացքում երեխան խեղդվում է, սառչում… Էլեկտրամոբիլներ ստեղծող Tesla ընկերությունը կարծես թե մոտ է այդ հարցի լուծմանը։ Համակարգը, որը ստեղծել են ընկերության ինժեներները, նախատեսված է շների համար և կարգավորում է մեքենայի սրահի ջերմաստիճանն ու օդափոխությունը նույնիսկ այն ժամանակ, երբ վարորդը մեքենայի մեջ չէ։ Հատուկ էկրանի վրա հայտնվում է «տերս շուտով կգա» գրությունը։ Այս մասին ընկերությունը հայտնում է Twitter–ի իր պաշտոնական էջում։
Ընկերությունը մի վատ լուր էլ ունի գողերի համար։ նոր համակարգը կգնահատի մեքենայի առևանգման կամ վանդալիզմի ռիսկը, կնկարահանի, զգուշացնող ձայներ կհանի ու անհրաժեշտության դեպքում էլ կծանուցի տիրոջը։
Ես համբերատար սպասում եմ, թե Tesla-ն երբ է հայտարարելու, որ իր մեքենաները նաև տնային գործեր են անում, առևտուր անում խանութից ու շանը տանում զբոսանքի։
Samsung–ի ծալվող սմարթֆոնը
Եթե հետևում եք տեխնոնորություններին, ապա կհիշեք, որ չինական Xiaomi- ն դեռ հունվարին ներկայացրել էր իր ծալվող հեռախոսի նախատիպը։ Բայց հարավկորեական Samsung–ը կոտրեց չինական «անճոռնի ճուտիկի»` առաջինը կարապ դառնալու երազանքը և փետրվարի 20–ին ներկայացրեց մի բան, որը դարձավ ամսվա իրադարձությունը։ Նոր տեսակի սմարթֆոնն իսկապես ստեղծվել է պլանշետները մեկընդմիշտ վերացնելու համար։ Galaxy Fold-ը ոչ լիարժեք սմարթֆոն է, ոչ էլ պլանշետ, այն բավականին հզոր է և՛ մեկը, և՛ մյուսը լինելու համար։ Իսկապես ծալվում է ու իսկապես գնային ռեկորդ է սահմանել։ Իրենց նոր արտադրանքը կորեացիները գնահատել են 2 հազար դոլար։
Չեմ ուզում ձեզ ձանձրացնել` գաջեթի տեխնիկական տվյալները թվարկելով։ Ուղղակի հուսով եմ, որ այս մոդելի հետ խնդիր չի առաջանա, և սամսունգցիները ստիպված չեն լինի հետ կանչել այն, ինչպես օրինակ` Note 7-ը, որը պայթունավտանգ էր, և այս մոդելի բազմաթիվ սմարթֆոններ ուղղակի պայթել էին իրենց տերերի ձեռքերում։
Apple-ը փորձում է միանալ մրցավազքին
Իսկ ի՞նչ է մտածում այս ընթացքում Apple-ի ղեկավար Թիմ Քուկը։ Գուցե անկյունում կանգնած լուռ ու նյարդային ծխու՞մ է։
The Verge–ը հայտնում է, որ Apple-ը ճկվող սարքի արտոնագիր է ձեռք բերել և փորձում է միանալ մրցավազքին։ Խոսակցություն կա նաև, որ Քուկի թիմն այս արտոնագիրը գուցե IPhone-ից բացի օգտագործի IPad-ի և MacBook-ի նոր մոդելների ստեղծման համար։
Ինչպես հայտնի է, այս տարի «Կծած խնձորի» վաճառքի ցուցանիշներն ամենամեծ անկումն են ապրել։ Դրա համար է, որ խնձորականները հավելյալ եկամտի աղբյուր են փնտրում։ The Wall Street Journal–ը հայտնում է, որ Apple-ն ու Goldman Sachs բանկը այս գարնանը կներկայացնեն նոր բանկային քարտ, որով IPhone-ի տերերը կկարողանան ավելի լավ կառավարել Apple-ի էլեկտրոնային դրամապանակը։ Հուսով եմ` գոնե սա մի փոքր շունչ կտա ընկերությանը։
Չենք կարող հերքել, որ ընկերությունը լուրջ առաջընթաց է ապահովել գիտության, տեխնիկայի ու մարքետինգի ոլորտներում։ Կհաջողվի արդյո՞ք Apple-ին երբևէ կրկին դառնալ առաջատար։