ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Անդրեյ Շվեդովին նշանակել է ՀԱՊԿ–ում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
«Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Շվեդով Անդրեյ Վլադիմիրովիչին նշանակել ՀԱՊԿ մշտական և լիազոր ներկայացուցիչ», – գրված է փաստաթղթում։
Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ չի լուծվել։ Երևանի և Մինսկի միջև տարաձայնություններ էին առաջացել։ Վեճերը սկսվել էին այն բանից հետո, երբ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ էր կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին։
Հայաստանը պնդում էր, որ այդ պաշտոնում պետք է իր ներկայացուցիչը լինի մինչև 2020 թվականը։ Միևնույն ժամանակ Բելառուսն առաջարկում է իր թեկնածուին` Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություններն այս պահին կատարում է Վալերի Սեմերիկովը։