«Ես այս մրցաշրջանում մեծացա 10 տարով». Եվգենյա Մեդվեդևան Ռուսաստանի գավաթակիր է դարձել

Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոնն ու 2018թ–ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը խոսել է 10 տարով մեծանալու և ընթացիկ մրցաշրջանում գրանցած անհաջողությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան (հորական կողմից` Բաբասյան) հայտարարել է, որ շնորհակալ է ընթացիկ մրցաշրջանի անհաջողություններին և զգում է, թե ինչպես է մեծացել այդ ընթացքում։

Երկրպագուները «հարձակվել են» Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանի վրա` Գրան պրիում պարտվելու համար

Մեդվեդևան Ռուսաստանի Գավաթի եզրափակիչ փուլի երկու ծրագրերի արդյունքում հավաքել է 222,90 միավոր և հաղթել։ Երկրորդ տեղում Ելիզավետա Տուկտամիշևան է, իսկ երրորդում` Վիկտորյա Վասիլևան։ Այդ մրցաշարի արդյունքում կորոշվի Ռուսաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի աշխարհի առաջնությանը։

Սակայն սխալներ էլ են եղել. Մեդվեդևան ընկել է եռակի ռիտբերգեր կատարելիս։

«Սխալվելուս պատճառը դրա վրա ոչ բավարար աշխատելն էր, բայց գլխավորն այն է, որ ես անհաջողությունից հետո չնեղվեցի, ինչպես Ֆրանսիայում։ Շարունակեցի սահել, ինչի համար ուրախ եմ։ Կեցցե հանդիսատեսը, մենք միասին սահեցինք», – ասել է Մեդվեդևան լրագրողներին։

Նրա խոսքով` սա սպորտ է, «պետք է պայքարել, բայց պայքարել հաճույքով»։

«Տարօրինակ է, բայց ես շնորհակալ եմ այս մրցաշրջանում ունեցած բոլոր անհաջողությունների համար։ Ես մի տասը տարով մեծացել եմ», – ասել է Մեդվեդևան։

Նշենք, որ Սարանսկում կայացած Ռուսաստանի առաջնությունում Մեդվեդևան զբաղեցրել էր 7–րդ տեղը։