Աշտարակում թալանել են վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի տունը

Արագածոտնի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի տնից ոսկյա զարդեր և գումար են տարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Աշտարակ քաղաքում բնակվող 51-ամյա Կարեն Սիմոնյանը փետրվարի 21-ին, ժամը 22։30-ի սահմանում դիմել է ոստիկանության Աշտարակի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 08։30-ից մինչև ժամը 22։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մտել են Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցի վրա գտնվող իր տուն և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր և գումար։

Shamshyan.com–ի տեղեկություններով՝ գողը կամ գողերը տուն են մտել երկրորդ հարկի պատուհանից։

Ըստ կայքի` Սիմոնյանն Արագածոտնի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է։