Արդարադատության նախարարն արձագանքեց բանտում Քոչարյանին այցելելու մասին տեղեկությանը

Արդարադատության նախարարը կարող է այցելել ցանկացած բանտարկյալի, բայց այդ մասին տեղեկությունը հրապարակման ենթակա չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց ԶԼՄ–ներում շրջանառվող լուրերն այն մասին, թե ինքը այցելել է կալանավայրում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` սահմանափակվելով միայն «փակ տեղեկության» մասին ակնարկով։

Հայաստանի որոշ հիվանդանոցները կկահավորվեն բանտարկյալներին ընդունելու համար

«Դա հրապարակման ենթակա չէ, ՔԿՀ-ները, այդ թվում կալանավայրերը, գտնվում են իմ ենթակայության տակ: Ես կարող եմ այցելել բոլորին և ծանոթանալ պայմաններին, իսկ ում հետ եմ հանդիպել, ինչ պայմաններում, դա հրապարակման ոչ ենթակա տեղեկություն է», – ասաց Զեյնալյանը։

Ավելի վաղ ՀՔԾ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի գործերով քննությունն ավարտվել է։ Նյութեր են հավաքվել երկրորդ նախագահի, հետ կանչված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ։

ՀՔԾ–ն 2018 թվականի հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել 2008 թվականի մարտի 1-ի բողոքի ցույցերը ցրելու մասին քրգործի շրջանակում սահմանադրական կարգը տապալելու համար։