«Ես սգի մեջ եմ». Լագերֆելդի կատուն հուզիչ գրառում է արել սոցցանցում

Հայտնի դիզայների սիրելի կենդանին որոշել է Կառլ Լագերֆելդի երկրպագուներին շնորհակալություն հայտնել բարի խոսքերի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Կառլ Լագերֆելդի սիրելի կենդանին` Շուպետը, ծանր է տանում տիրոջ մահը։ Կատուն Twitter սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ սուգ է պահելու։

Ֆրանսիական Chanel նորաձևության տան կրեատիվ դիզայները մահացել է փետրվարի 19–ին 86 տարեկանում։ Հանգուցյալ դիզայների կատուն կարող է ժառանգել տիրոջ 150 միլիոն ֆունտ ստեռլինգը։

«Շնորհակալություն բոլորին ձեր ցավակցական խոսքերի համար։ Կոտրված սրտով ես սուգ եմ պահում։ Աղոթում եմ, որպեսզի ձեր բարի խոսքերը և բարեմաղթանքներն օգնեն ինձ շարունակել լուսավոր ապագա տանող ուղին` առանց Կառլ Լագերֆելդ հայրիկի», – գրել է կատուն։

​Անցած տարի հեղինակավոր Chanel նորաձևության տան կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդը ֆրանսիական Numéro ամսագրին տված հարցազրույցում ասել էր` չէր ցանկանա, որ իրեն հուղարկավորեն:

​«Ես խնդրել եմ, որ ինձ դիակիզեն, իսկ աճյունամոխիրս խառնեն կատվիս ու մորս աճյունամոխիրների հետ»,-ասել էր դիզայները՝ հավելելով, որ դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ իր սիրելի կատուն շուտ սատկի: